Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան, եթե այնտեղ շարունակվի երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիներին ձերբակալելու կամ կալանավորելու պրակտիկան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում։ Տեղեկությունը ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունն է հայտնել։
Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուբինյանի հետ զրույցում Վալենտինա Մատվիենկոն առանձնահատուկ շեշտադրել է այս հարցը՝ նշելով, որ իրենց մտահոգում են Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների պահանջով ձերբակալելու փաստերը։
«Եթե այս պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան»,- դիմելով Ռուբինյանին՝ ասել է Մատվիենկոն։