Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». ՆԳ նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարարն, անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված՝ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու կամ այսպես կոչված «ոսկե անձնագրերի» սխեմայից զերծ մնալու պահանջին, ընդգծել է, որ այն կանխարգելիչ տրամաբանությամբ ձևակերպված հենանիշ է՝ լիովին համահունչ Հայաստանի քաղաքացիության ինստիտուտի բարեփոխումների օրակարգին և չի հակասում երկրի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված պետական ծրագրերին։

«Ժամանակ առ ժամանակ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու հայեցակարգը քննարկվել է, և այդ քննարկումները նոր չեն։ Սակայն որպես ոլորտի պատասխանատու՝ իմ դիրքորոշումը հստակ և սկզբունքային է. քաղաքացիությունը չի կարող լինել ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն։ Այն ինստիտուտ է, որը պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա»,- շեշտել է Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի զարգացրել «ոսկե անձնագրերի» տրամադրման սխեմաներ, իսկ ներկայիս քաղաքական ուղղությունները ևս չեն նախատեսում նման մոդելի ներդրում։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ այս մոտեցումը որևէ կերպ չի սահմանափակում ներդրումային քաղաքականությունը, քանի որ ներդրումների խրախուսումն ու քաղաքացիության ինստիտուտը հիմնված են տարբեր տրամաբանությունների վրա և չեն կարող դիտարկվել որպես փոխկապակցված փոխարինելի գործիքներ։

«Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է՝ ներդրումների համար մենք ստեղծում ենք կայուն և բաց միջավայր, իսկ քաղաքացիությունը պահում ենք որպես պետության հետ կայուն և իրական կապի վրա հիմնված ինստիտուտ։ Հիմա մշակում ենք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որտեղ նաև խստացումների ճանապարհով ենք գնալու։ Սա նշանակում է, որ մենք վերաարժևորում ենք քաղաքացիությունը որպես ինստիտուտ»,- նշել է ՆԳ նախարարը։

Leave a comment