Քաղաքականություն
06.08.2026 | 18:47
Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը փորձում է բարձրացնել խաղադրույքները Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում, կառուցողական երկխոսության փոխարեն, մենք տեսնում ենք, թե ինչպես է Երևանը փորձում բարձրացնել խաղադրույքը կամ պարզապես դիմել շանտաժի»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նա նաև ասել է, թե Հայաստանի ղեկավարությունը, իբր, «սիրախաղ է անում Կիևի ռեժիմի հետ»։
«Վերոնշյալ գիծը, որը ներառում է, անկասկած, ցուցադրական «սիրախաղ» Կիևի ռեժիմի հետ, լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխող շրջանակների՝ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցության պատրաստակամության վերաբերյալ։ Եվ եթե Երևանը ձգտում է ապահովել, որ իր շահերը հաշվի առնվեն, ապա ինչո՞ւ չպետք է Մոսկվան նմանատիպ փոխադարձ խնդրանքով դիմի իր հայ գործընկերներին։ Մենք հույս ունենք ավելի իրատեսական և հավասարակշռված մոտեցման»,- հայտարարել է Ֆադեևը։
Ուշագրավ է, որ Երևանի և Կիևի հարաբերությունների մասին Մոսկվայի հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ ՌԴ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է։ Սրա հետ կապված Մոսկվայից արձագանք չի եղել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի