Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրել է. «Իշխանության սահմանները․ եկեղեցու, պետության և պատասխանատվության նույնական սկզբունքը
«Տվե՛ք կայսրինը կայսրին և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21)։
«Արդարությունը հաստատվում է այն պահին, երբ անձը ենթարկվում է սկզբունքին, իշխանությունը՝ օրենքին, իսկ ժամանակավոր շահերը չեն բարձրացվում ճշմարտության և արդարության չափանիշներից էլ վեր»։
Յուրաքանչյուր հանրության մեջ երբեմն առաջ են գալիս այնպիսի դրություններ, երբ քննարկման առարկա են դառնում ոչ միայն առանձին անձինք, այլ ավելի խորքային հարցեր՝ ի՞նչ է իշխանությունը, որտեղի՞ց է բխում նրա հեղինակությունը, ո՞վ իրավունք ունի գնահատելու՝ արդյոք որևէ առաջնորդ արժանի է իր կոչմանը…
Այս հարցերը հատկապես զգայուն են, երբ խոսքը վերաբերում է եկեղեցուն և պետությանը՝ երկու կառույցների, որոնք թեև տարբեր ու տարրաբնույթ գործառույթներ ունեն, սակայն երկուսն էլ օժտված են մեծ ազդեցությամբ ու պատասխանատվությամբ։
Հայ Առաքելական Եկեղեցու համար կաթողիկոսի, ավելի ստույգ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, հանգամանքը պարզապես վարչական կարգավիճակ չէ։ Այն հոգևոր ծառայություն է, որը հիմնված է հավատքի, ավանդության և եկեղեցական կանոնների վրա։ Եկեղեցապետից ակնկալվում է ոչ միայն ղեկավարում, այլև անձնական օրինակ, քանի որ հոգևոր առաջնորդի կյանքը ընկալվում է որպես նրա քարոզության շարունակությունը։
Այդ պատճառով, զորօրինակ՝ կուսակրոնության ուխտի հարցը եկեղեցական տեսանկյունից պարզապես անձնական կյանքի հարց չէ։ Այն կապված է հոգևոր կոչման, վստահության և ծառայության ամբողջականության հետ։ Եթե առաջանում են հիմնավոր կասկածներ կամ փաստեր, բնական է, որ դրանք պետք է քննարկվեն։
Սակայն այստեղ պետք է հիշել ամենակարևոր սկզբունքը՝ ոչ մի մեղադրանք ինքնին չի կարող փոխարինել արդար քննությանը. մեղադրանքը և իրավական կամ կանոնական հաստատված փաստը նույնը չեն. «Մի՛ դատեք ըստ երևույթի, այլ արդար դատաստանով դատեցեք» (Հմմտ. Հովհ. 7:24)։
Անձի վերաբերյալ որևէ պնդում, նույնիսկ եթե այն լայնորեն քննարկվում է հասարակության մեջ, ինքնաբերաբար չի փոխում նրա կարգավիճակը։
Հոգևոր առաջնորդը չի կարող ազատվել մարդկային պատասխանատվությունից, որովհետև ունի սրբազան կոչում. կոչումը ոչ թե ազատում է պատասխանատվությունից, այլ այն դարձնում է առավել բարձր և պահանջկոտ` «Ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի» (Ղուկ. 12:48)։ Բայց նաև չի կարող ենթարկվել որևէ գնահատականի միայն մարդկային կրքերի, քաղաքական շահերի կամ հանրային ճնշման ազդեցությամբ, որովհետև նրա ծառայությունը պատկանում է ոչ թե քաղաքական պայքարի, այլ եկեղեցական կարգի և հոգևոր պատասխանատվության ոլորտին։
Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է կանոնական կարգեր, որոնց միջոցով լուծել է նման հարցերը։ Հոգևոր կարգավիճակը չի փոխվում ոչ քաղաքական հայտարարությամբ, ոչ էլ հասարակական ճնշմամբ։ Եթե կան հիմնավոր ապացույցներ կանոնական խախտման մասին, ապա արդարությունը պահանջում է ոչ թե լռություն, այլ պատշաճ քննություն՝ Եկեղեցու սահմանած կարգով։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր տարբերել ճշմարտությունը մեղադրանքից, իսկ արդարությունը՝ հաշվեհարդարից։ Հովվապետի նկատմամբ կանոնական քննությունը չի կարող փոխարինվել քաղաքական կամ հասարակական դատաստանով։ Եթե որևէ անձ նախապես հայտարարվում է մեղավոր, ապա առաջանում է «անմեղության կանխավարկածի խախտման վտանգ»։ Բացի դրանից, երբ կանոնական կամ իրավական գործընթացը փոխարինվում է հանրային կամ այլ բնույթի ճնշմամբ, հարկադրանքով, արդարության փոխարեն կարող է առաջանալ հաշվեհարդարի տրամաբանություն։
Նույն՝ նկատի ունենք արդար դատաքննության, սկզբունքը պետք է կիրառվի նաև պետական իշխանության նկատմամբ։ Պետական պաշտոնը նույնպես վստահություն է պահանջում։ Իշխանության ներկայացուցիչը պարտավոր է ծառայել օրենքին, Սահմանադրությանն ու հանրությանը։ Եթե նա խախտում է իր պարտականությունները, հասարակությունը լիարժեք իրավունք ունի պահանջելու հաշվետվողականություն։ Այստեղ է դրսևորվում ամենակարևոր ընդհանրությունը․ ոչ մի իշխանություն չի կարող գոյություն ունենալ միայն սեփական հեղինակության հիման վրա. իրավունքը միշտ ենթադրում է պատասխանատվություն։ Սակայն այդ պատասխանատվությունը ևս չի կարող կամայականորեն արտահայտվել. այն պետք է ունենա իր մոտեցումն ու ճանաչված ընթացքը։ Պետական պաշտոնյան չի զրկվում իր լիազորությունից միայն այն պատճառով, որ մեկը, մյուսը կամ շատերը նրան այլևս չեն ընդունում որպես օրինական առաջնորդ։ Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, իրավական ընթացակարգեր, դատարաններ և սահմանադրական այլ կարգավորումներ։
Հետևաբար, եթե որևէ մեկը պնդում է, որ հայրապետին չի կարելի ընդունել իր հանգամանքում՝ նրա անձնական կյանքի վերաբերյալ մեղադրանքների պատճառով, ապա առաջանում է
ավելի լայն, այդ թվում` ինքնաքննության հարց․ արդյո՞ք մենք նույն չափանիշներն ու գնահատականները պատրաստ ենք կիրառել ոչ միայն ուրիշների, այլև ինքներս մեր, մեր շրջապատի և աշխարհիկ իշխանության նկատմամբ՝ սահմանադրական պարտականությունների խախտման դեպքում։
Սակայն այստեղ անհրաժեշտ է զգույշ լինել։ Հավասարության սկզբունքը չի նշանակում, որ եկեղեցուն և պետությանը պետք է ներկայացնել նույն պահանջները։ Հոգևոր առաջնորդի և պետական ղեկավարի հանձնառությունները տարբեր են։ Բայց հավասար պետք է լինի մեկ այլ բան՝ պատասխանատվության պահանջը, օրենքի և կամ կանոնի նկատմամբ հարգանքը։
Ոչ պետությունը կարող է որոշել եկեղեցու ներքին կանոնները, և ոչ էլ եկեղեցին կարող է փոխարինել պետության սահմանադրական համակարգին։ Երբ մեկը փորձում է անցնել մյուսի սահմանները, վտանգվում է ոչ միայն իրավական կարգը, այլև հասարակության վստահությունը։ Եթե պետական իշխանությունը փորձում է ինքնուրույն որոշել եկեղեցական պաշտոնյայի հոգևոր կամ կանոնական կարգավիճակը, ապա դա կարող է դիտվել որպես եկեղեցու ներքին ինքնավարման խախտման վտանգ։ Նույն կերպ, եթե եկեղեցական կառույցները կամ հոգևոր հեղինակությունները փորձեն փոխարինել պետության սահմանադրական կարգերին և որոշել պետական իշխանության իրավական լեգիտիմությունը, դա կարող է վնասել իրավական պետության հիմերին։
Իշխանությունը՝ լինի հոգևոր, թե աշխարհիկ, ուժ չէ միայն։ Այն նախ և առաջ պատասխանատվություն է։ Ով ստանձնում է առաջնորդություն, ընդունում է նաև ավելի բարձր չափանիշների պարտավորությունը։ Իսկ Եկեղեցու և պետության առողջ հարաբերությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրն իրեն վերապահված ոլորտում պահպանում է իր ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը։
Հետևաբար, իրական արդարությունը պահանջում է ոչ միայն ուրիշների սխալները տեսնելու կարողություն, այլև սեփական դիրքորոշումների նկատմամբ ազնիվ քննություն. ոչ թե ընտրովի սկզբունքայնություն, այլ սկզբունքների հետևողական կիրառում, որպես ուսուցանում է Աստվածաշունչը` «Ինչո՞ւ քո եղբոր աչքի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես նկատում» (Մատթ. 7:3-5)։
Միայն այն հասարակությունն է ի զորու առաջ շարժվել, որտեղ մարդը պատրաստ է նույն չափանիշով չափել և՛ ուրիշների, և՛ սեփական պատասխանատվությունը։ Ավետարանական պատգամը հիշեցնում է, որ ուրիշի սխալը գնահատելուց առաջ մարդը կոչված է քննելու սեփական սիրտը․ «Ձեզնից ով որ անմեղ է, թող նա առաջինը քար գցի նրա վրա» (Հովհ. 8:7)։ Սա ոչ թե պատասխանատվությունից հրաժարվելու կոչ է, այլ նախազգուշացում, որ արդար դատողությունը պետք է զերծ լինի արտաքին` կեղծ բարեպաշտությունից, անձնական շահից և ընտրովի չափանիշներից։
Ի վերջո, հարցն այն չէ, թե ում ենք գնահատում, այլև՝ ինչ արժեքների վրա ենք կառուցում մեր հանրային կյանքը․ արդյո՞ք ընդունում ենք փոփոխվող չափանիշներ՝ ըստ իրավիճակի, թե՞ ձգտում ենք մի կարգի, որտեղ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իշխանությունը հավասարապես ենթարկվում է ճշմարտության, պատասխանատվության և արդարության բարձրագույն սկզբունքներին, ինչպես որ Ավետարանն է ասում՝ «Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8:32)»։