Հակակոռուպցիոն դատարանում՝ դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն անդրադարձավ Ազգային ժողովում տեղի ունեցող զարգացումներին, իր թիմի անդամների քաղաքական անցյալին և խորհրդարանական հնարավոր բախումներին։
Խոսելով ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածության մասին՝ Կարապետյանը նրան բնութագրեց որպես «միջազգային մաշտաբի տաղանդավոր գործիչ»՝ ընդգծելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեծ սխալ թույլ կտա, եթե չընտրի նրան։ Լրագրողների այն դիտարկմանը, թե Վարդևանյանը փոխել է մի քանի քաղաքական ճամբարներ՝ ՀՀԿ, «Հայաստան» խմբակցություն, Կարապետյանը նշեց.
«Մարդուն զարգացումը միշտ անհրաժեշտ է։ Դա նման է համալսարաններ ավարտելուն․ սկզբից մեկն է ավարտում, հետո՝ մյուսը, իսկ հիմա նա եկել է ամենալավ համալսարանը՝ «Ուժեղ Հայաստան»։ Դուրս գալու հավանականությունը զրո է»։
Անդրադառնալով խորհրդարանում տիրող լարված մթնոլորտին և հնարավոր «բախումներին», Կարապետյանը նշեց, որ իր թիմակիցները պատրաստ են ցանկացած սցենարի։
«Մեր «ուժեղները» ուժեղ են և պատրաստ են կռվի։ Այն մարդիկ, ովքեր գնացել են Ազգային ժողով, քաջ գիտակցում են՝ ում հետ գործ ունեն»,- հայտարարեց նա։
Կարապետյանը պարզաբանեց նաև իր նախորդ հայտարարություններից մեկը, որը սուր արձագանք էր գտել իշխանական պատգամավորների շրջանում։ Նրա խոսքով՝ իր օգտագործած «գյոռմամիշ» արտահայտությունը վերաբերում էր ոչ թե ՔՊ-ին, այլ իրենից «բիզնես խլողներին»։
Ինչ վերաբերում է իր թիմակիցների կողմից ծառայողական մեքենաներից և պարգևավճարներից հրաժարվելուն, Կարապետյանը նշեց, որ դա նրանց անձնական որոշումն է. «Եթե անգամ օրենքով հնարավոր չլինի հրաժարվել պարգևավճարներից, այդ գումարները կուղղվեն բարեգործության»,- նշեց նա։
Զրույցի ավարտին Կարապետյանը վստահություն հայտնեց, որ մեկ տարի անց իր թիմի գործունեությունը կգնահատվի որպես «փառահեղ հաղթանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան