Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Իրանի հետ համաձայնությունը ռազմական սցենարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է հույս ունենալ Իրանի հետ համաձայնության հասնելու վրա և նախընտրում է խնդրի դիվանագիտական կարգավորումը ռազմական հակամարտությունից։ Այդ մասին նա ասել է Լաս Վեգասում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները Թեհրանի հետ, իսկ դրանց արդյունքները կարող են հայտնի դառնալ մոտ ապագայում։ «Մենք բանակցում ենք։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց նրանք հարգում են մեզ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ կնախընտրեր հասնել համաձայնության, քանի որ «չի ցանկանում մարդկանց սպանել»։ Միաժամանակ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ը պատրաստ էր Իրանի դեմ իրականացնել «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր հարվածը», սակայն հրաժարվել է այդ մտադրությունից այն բանից հետո, երբ, նրա խոսքով, Թեհրանը առաջարկել է սկսել բանակցությունները։

ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Թրամփը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ առաջիկա բանակցությունները բնութագրել էր որպես Իրանի «վերջին հնարավորությունը»՝ համաձայնության հասնելու և ամերիկյան ռազմական ճնշման հետագա ուժեղացումից խուսափելու համար։

Նա նաև կրկնել է իր նախազգուշացումը, որ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե Հորմուզի նեղուցը կրկին չբացվի միջազգային նավագնացության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment