Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 13:38

Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը բարձրացրեց Էդգար Ղազարյանի նախկինում արած «սկանդալային» հայտարարությունների հարցը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես է «հայ սակրավորների մահվան մասին» հայտարարություններ արած անձը հայտնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում։

Արամ Վարդևանյանը, արձագանքելով հարցադրմանը, նախ նշեց, որ Ղազարյանի հայտարարությունն արվել է երկու տարի առաջ, երբ նա դեռևս կապ չուներ իրենց քաղաքական թիմի հետ։ Անդրադառնալով բուն խնդրին՝ Վարդևանյանը հայտարարեց. «Եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որևէ զինծառայող կա, որը այդ հայտարարությունից նույնիսկ 5 կամ 10% նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն խնդրեմ»։

Միևնույն ժամանակ, Վարդևանյանն առաջարկեց իշխանություններին նույնպես ներողություն խնդրել հանրությունից այլ սուր իրավիճակների համար։ Մասնավորապես, նա հիշատակեց Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողությունները և Նիկոլ Փաշինյանի՝ «բա ինչի՞ համար դուք չեք զոհվել» արտահայտությունը։ Վարդևանյանի խոսքով՝ ներողություն խնդրելը «դժվար բան չի», եթե խոսքը հայրենակիցների նեղվածության մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment