Կիբեռոստիկանությունն ահազանգում է սուպերմարկետների անունից ստեղծված կեղծ էջերի և առցանց խարդախությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. ՆԳՆ կիբեռոստիկանությունն ահազանգում է սուպերմարկետների անունից ստեղծված կեղծ էջերի և առցանց խարդախությունների մասին։
«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից», – նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կիբեռոստիկանության՝ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
ՆԳՆ-ից հորդորում են չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը և ստուգել էջի իսկությունը մինչև որևէ գործողություն կատարելը։