Օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Դերձակյան» երկրորդական վարժարանների, «Արծրունի» և ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» ազգային վարժարանների շրջանավարտներին։
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, շնորհավորեց նրանց ուսումնառության կարևոր փուլի ավարտի առիթով՝ գոհունակությամբ ընդգծելով, որ համայնքային կյանքում ազգային կրթական հաստատությունների առաքելությունը մեծապես նպաստում է հայի ինքնության պահպանմանը և մատաղ սերնդի՝ ազգային ու հոգևոր նկարագրի կերտմանը:
Նորին Սրբությունը հավելեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել սփյուռքահայ երիտասարդների այցը Հայաստան, ինչը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայրենի իրականությանը, տարբեր ճանաչողական այցելություններով հաղորդ դառնալու պատմական անցյալին ու ժառանգությանը: Անդրադառնալով Սուրբ Էջմիածնի դերին և առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունն ուժ ու զորություն է ստացել Սուրբ Էջմիածնից և հայրենի հողից։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց վարժարանների հոգաբարձուներին, տնօրինությանը և մանկավարժներին՝ աշակերտների հայեցի կրթության և դաստիարակության գործում ներդրած նվիրյալ ծառայության համար։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շրջանավարտներին հայրենիքից ոգեշնչված և հոգեպես զորացած վերադառնալ իրենց համայնքներ, իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր ու եկեղեցանվեր, մշտապես զորացնել արգենտինահայ համայնքային կյանքը և պահպանել ազգային գիտակցությունն ու ոգին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: