Դավիթ Իշխանյան. 2 տարի շարունակվող դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը

Արդեն հաղորդել ենք, որ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանը ուղերձ է փոխանցել։ Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ։ 

Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված: Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում ենք ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է և դատավորական կոլեգիան չի, որ կայացնում է այդ վճիռը: Դատավորական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի և կհրապարակի այն, ինչ որ վճռված է:

Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին։ Ինչպես նշել եմ, բավականին արժանի ելույթներ էին, ինչպես առաջին ատյանի դատարանում, այս պարագայում էլ թե դատախազության ներկայացուցիչները և թե նաև դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշներին, այդ թվում՝ նաև ինձ այդպես էլ չթողեցին ամբողջական իմ խոսքը ներկայացնել, բայց այնուհանդերձ խնդիր չէ։

Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է և շատ պարզ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է, այլ կերպ չի էլ կարող լինել: Ամենամեծ գնահատականը հավանաբար այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, ով առաջին ատյանում հենց այսպես զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց սերունդների առջև։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավորական կոլեգիային՝ զգաստացնող խոսք փոխանցելով, որ չպղծենք դատարանը և ասաց, որ մեր հաղթանակները այս դատավարությամբ պղծել ենք։ Այսինքն` մեր ընդհանուր պահվածքը արդեն մղում է նրանց, որպեսզի նրանք խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել։

Եվ, ինչպես նշեցի առաջին ատյանի դատարանում իմ վերջին ելույթի ժամանակ՝ մեղադրող կողմը և դատավորական կոլեգիան, որ նույն թիմն են, քաղաքականապես և բարոյապես փաստորեն չեն շահել դատը։ Շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ։ Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս  այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որ վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին… մեր ժողովրդի մասին կեղծ տեղեկություններով, շինծու հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը կոխկրտող պահվածքով, կեղծված պատմությամբ… և հենց այդպիսի մի իրավիճակ է, որ պետք է ասել, որ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն` օրենքի ուժ չկա, «մենք ենք որոշողը» սկզբունքով են առաջնորդվում դատավորները և դատավորական կոլեգիան և անում այն, ինչ որ ուզում են, մեզ համար էլ դա հասկանալի է։

Բայց ինչպես նշել ենք, սա մեր համար երկրորդական է և մենք ուղղակի ֆորմալ կողմ ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան: Այնպես որ այս դատավարությունը կարող ենք համարել դատող կողմի համար տապալված դատավարություն: Լրատվությունն ինչպես միշտ ներկայացվում է միակողմանի, մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան: Ես մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ, որ ո՞ւր են Հայաստանի «Ազատության» ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները. մոտ երկու տարի է՝ սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն, չէ՞ որ նրանց համար Սպիտակ տան, Կրեմլի կամ եվրոպական որևէ երկրի, այդ թվում նաև բրյուսելյան հանրահայտ պատերը դժվար չէ շոշափելը։ Բայց Բաքվի դատարանների դահլիճից ներս նրանց այդպես էլ չտեսանք, որպեսզի աշխարհին ներկայացնեն, թե ում են դատում, ինչու և ինչպես են դատում:

Ինչևէ, նաև մի փոքր այսպես նրբություն ներկայացնեմ: Դեռևս հուլիսի 17-ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի մեղադրող կողմը, դատախազությունը հաշվի առնելով ներկա ստեղծված իրավիճակը՝ հայցը հետ վերցնեն և քրեական գործը կարճեն, այս քրեական հետապնդում կոչվածը դադարեցվի։ Տեղում մերժվեց։ Ես բնականաբար ներկայացրի, որ պետք է այդ երիտասարդ կազմը խորհրդակցի իրենց վերադասի, վերադասն էլ իրենց վերադասի հետ, սակայն տեղում մերժվեց:

Հուլիսի 31-ին մեր վերջին նիստի ժամանակ խոսքս ուղղեցի դատավորին և խնդրեցի, առաջարկ ներկայացրի, որ իմ առաջարկի հնարավորությունը օգտագործելով՝ դատավորական կոլեգիան խորհրդակցի ում հետ որ անհրաժեշտ է, ովքեր որոշում են կայացնում։ Եվ հաշվի առնելով երկու երկրների, ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը և որպես ապագային միտված ներդրում՝ այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն: Ինչ կորոշեն, սա այլ հարց է, բայց համենայն դեպս այդպիսի մի առաջարկ ներկայացվել է:

Մեկ անգամ ևս պիտի ասեմ, որ մոտ երկու տարվա շարունակող այս երկու ատյանների դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը:

Լավ մնացեք, Մենք մեր խոսքը դեռ կասենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment