Արցախի Հանրապետության Աժ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ով 2023թ. գերեվարվել էր ու այժմ գտնվում է Բաքվի բանտում, ուղերձ է հղել՝ անդրադառնալով իրենց նկատմամաբ իրականացվող դատավարության ընթացքին։
Նա կրկին ընդգծում է, որ դատավարությունը բացառապես քաղաքական է, բոլորիս համար էլ պարզ է , որ վճիռը վաղուց կայացված է։
«Մեր վերջին ելույթները բավականին հետաքրքիր էին, յուրահատուկ, արժանի, դատախազը, դատավորն անհիմն կերպով ընդհատում էին որոշներին, այդ թվում և մեզ, բայց մենք այնտեղ էլ հայտարարում ենք, որ այն քաղաքական է»,-նշում է Դավիթ Իշխանյանը՝ նշելով, որ արժանի հակահարված են տվել մեր պատմության, ժողովրդի արժանապատվության վերաբերյալ հայտարարություններին։
Իշխանյանն ընդգծել է, որ սա պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, ոչ թե օրենքի ուժը։
«Մենք ենք որոշողը. այս սկզբունքով են առաջանորդվում դատարանն ու դատավարական կոլեգիան, մենք ուղղակի ֆորմալ կողմն ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան։ Այնպես որ կարող ենք այս դատավարությունը համարել տապալված դատող կողմի համար։ Լրատվությունը ինչպես միշտ միակողմանի, մանիպուլացված, իրականությանը չհամապատասխոնղ։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ո՞ւր են Հայաստանի «Ազատության» ՌԿ-ի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները, մոտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն»,-նշել է Իշխանյանը։
Ուղերձի ավարտին նա նշում է, որ դեռ չեն ստացել մեղադրական եզրակացությունը։
«Լավ մնացեք, մենք դեռ մեր խոսքը կասենք»,-խոսքն ամփոփել է Իշխանյանը։