Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաջող ելույթներին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Հայաստանի չեմպիոնը հասել է գլխավոր եվրագավաթի որակավորման երրորդ փուլ, որի առաջին խաղում 2:1 հաշվով տնային հաղթանակ է տարել սլովենական «Ցելյեի» նկատմամբ:
«Կարծում եմ՝ «Արարատ-Արմենիան» փոքրիկ, բայց կարևոր քայլ արեց՝ հաղթելով երևանյան խաղում: Կասկած չունեմ, որ պատասխան հանդիպումը շատ բարդ է լինելու: Բայց նաև կարծում եմ, որ Հայաստանի չեմպիոնն ի զորու է անցնել որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել ինչպես «Միելբյուին», այնպես էլ՝ «Սլովանին»: Այնպես որ, հավատում եմ, որ հայկական ակումբն առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլին»,- Ռոման Բերեզովսկու խոսքը մեջբերում է RB Sport-ը:
«Արարատ-Արմենիան» «Ցելյեի» դեմ պատասխան հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 11-ին Սլովենիայում:
«Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման վերջին փուլում մրցելու է «Սլովան» (Սլովակիա) – «Մյելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը եվրագավաթներում պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում ու մրցելու է «Կուպս» (Ֆինլանդիա) – «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման նախորդ երկու փուլերում «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս է թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։