Մենք ասել ենք՝ ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն. այն կունենանք, թե ոչ, կորոշի ժողովուրդը. Գալյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով քննարկումները շարունակվում են, կոնկրետ որևէ բան նշել չեմ կարող»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամկետներին վերաբերող հարցին:

Դիտարկմանը, թե օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Գալյանն ասել է.

«Ես չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, սեփական մտքերը, ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն: Կունենանք նոր Սահմանադրություն, թե ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամ, խոսվել է նոր Սահմանադրություն ունենալու մասին և ժողովուրդն իր վստահության քվեն տվել է մեզ: Դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը Սահմանադրության մշակման, հետագայում դրա հրապարակման և հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստում»,- նշել է նա։

Լրագրողի հարցին՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ ի՞նչ որոշում է կայացվել, Արդարադատության նախարարը պատասխանել է.

«Տեքստը կհրապարակվի, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Ես չեմ կարող ասել, որովհետև դա միանձնյա որոշում չէ, դա կոլեգիալ որոշում է, և երբ այդ որոշումը կայացվի, որոշման մասին բոլորը կիմանան»,-ասել է Սրբուհի Գալյանը:

Leave a comment