Դոնալդ Թրամփի վարչակազմը դատարանի որոշումից հետո ներմուծողներին վերադարձրել է 100 միլիարդ դոլարի մաքսատուրքեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներմուծողներին է վերադարձրել մոտ 100 միլիարդ դոլար, որը նախկինում գանձվել էր որպես մաքսատուրք՝ մինչև այն պահը, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց Արտակարգ տնտեսական լիազորությունների միջազգային ակտի (IEEPA) շրջանակում սահմանված սակագները։ Այս մասին վկայում են ԱՄՆ Միջազգային առևտրի դատարան ներկայացված փաստաթղթերը։

Վերադարձված գումարը համարժեք է կառավարության կողմից հավաքագրված ընդհանուր միջոցների մոտ 60%-ին։ Վերջիններիս ընդհանուր ծավալը կազմել էր շուրջ 166 միլիարդ դոլար։

Փետրվարին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ IEEPA օրենքը նախագահին չէր վերապահում նման մաքսատուրքեր սահմանելու իրավասություն։ Այդ որոշման հետևանքով դաշնային դատարանը պարտավորեցրել էր ամերիկյան իշխանություններին վերադարձնել ներմուծողների կողմից նախկինում վճարված գումարները։

CNBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ չնայած դատարանների կայացրած վճիռներին, Թրամփի վարչակազմը փորձում է վերականգնել այդ մաքսային քաղաքականությունը՝ օգտագործելով այլ իրավական մեխանիզմներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ մաքսատուրքերը պետական բյուջե են բերել «հարյուր միլիարդավոր դոլարներ», իսկ Գերագույն դատարանի որոշումը, նրա խոսքով, պարզապես ստիպել է վարչակազմին կիրառել դրանց գանձման «այլ եղանակ»։

Leave a comment