Նորընտիր ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, այնուհետև ՔՊ խմբակցության պատգամավորները սկսեցին հարցեր տալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի վերաբերյալ։ Նրանց մի մասն ասացին, որ Արամ Վարդևանյանի մասին հարցերը կտան իրեն։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց՝ հինգ օր շարունակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները խուսափում են պատասխանել հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Էդգար Ղազարյանի՝ սակրավորների վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ և հարցրեց՝ ողջունո՞ւմ եք, թե դատապարտում այն, որպես քաղաքական թիմ՝ պատասխանատո՞ւ եք դրա համար և արդյոք հաշվի առնվե՞լ է այդ հայտարարությունը, երբ Էդգար Ղազարյանը ներառվել է ցուցակում։
Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Տվյալ հայտարարությունը հնչել է մինչև «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմ նրա ներառվելը։ Ցանկացած մարդու կյանք բարձրագույն արժեք է և ցանկացած մարդու կյանք պետք է գնահատել։ Մեր խմբակցության բոլոր անդամների համար ՀՀ քաղաքացու կյանքը բարձրագույն արժեք է։ Էդգար Ղազարյանն էլ ասել է՝ իր հայտարարությունը համատեքստից կտրված է և այդ հարցին հետո կանդրադառնա»։
Հարցին՝ նրան հորդորե՞լ եք ներողություն խնդրել, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մենք հիշում ենք մեր բոլոր զոհերին՝ ապրիլյան, 44-օրյա պատերազմում, 2023-ի արցախահայերի բռնի տեղահանման ժամանակաշրջանում, հիշում ենք նաև այդ ամենի ժամանակագրությունը։ Մենք էլ ենք ուզում, որ բազմաթիվ հայտարարությունների ու տեղի ունեցածի համար որոշ քաղաքական գործիչներ ոչ միայն ներողություն խնդրեն, այլ կրեն քաղաքական պատասխանատվություն և հեռանան քաղաքականությունից»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց՝ Էդգար Ղազարյանի հետ այդ հարցի վերաբերյալ քննարկում ունեցե՞լ եք, վա՞տ եք զգում, որ ձեր ցուցակում հայտնվել է մի մարդ, որը ցանկանում է սակրավորի մահ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերվում է այս կամ այն ժամանակ եղած հայտարարությունների և տարբեր գործունեության հետ կապված, խմբակցության ներսում քննարկումներ ունենում ենք։ Մենք հետևողական ենք լինելու բոլոր հարցերին, որոնք վերաբերում են ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, հայ զինվորի կյանքին»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշեց՝ իմ թեկնածությունը չի առաջադրվել, այս անգամ առաջադրվել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը, բայց բոլոր հարցերն ինձ հետ էին կապված և Տիգրան Աբրահամյանին հորդորեց՝ մի քիչ ավելի հստակ իր խոսքում ընդգծել, որ այս անգամ առաջադրվել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը, որ պատգամավորների մոտ այլ տպավորություն չառաջանա։ Տիգրան Աբրահամյանն էլ ասաց․ «Ձեր կողմից հնչեցված հարցադրման մասով լավ կլիներ, որ այդ հորդորն անեի ոչ թե ես, այլ ԱԺ նախագահը, տեղակալները»։
Նորընտիր ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: