ՀՀ ԱԺ-ն մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն այսօր կայացած նիստում մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը։
Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով՝ ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները, և անհերքելի է, որ այսօր կան քաղբանտարկյալներ, և դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև փաստարկված իրողություն։
Ըստ Վարդանյանի՝ քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված կամ տնային կալանքի տակ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքի անդամներ, որոշ ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչներ և այլք։
«Նրանց նկատմամբ առկա է խտրական և տարբերակված մոտեցում, հետևաբար վերջիններս հանդիսանում են ԵԽԽՎ-ի՝ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշների համապատասխան քաղբանտարկյալ»,- ասաց պատգամավորը։
Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ այդ բանաձևի որևիցե փաստի նկատմամբ կիրառելի լինելու համար որևիցե միջազգային կառույց, նախ և առաջ ԵԽԽՎ-ն, գոնե համարժեք պատասխան պիտի տար:
«Որևիցե պատասխան, դիտարկում, մեկնաբանություն կամ հարցադրում Հայաստանում առերևույթ որևէ անձի քաղաքական դրդապատճառներով հետապնդման վերաբերյալ չի արվել», -նշեց հանձնաժողովի նախագահը:
Հարակից զեկուցողը նաև կարծիք հայտնեց, թե այս նախագծով ԱԺ-ում գեներացվում են արհեստական քննարկումներ։
«Նման հայտարարություն ընդունելուց հետո պետք է առնվազն պաշտոնանկ արվի գլխավոր դատախազը, պաշտոնանկ արվեն դատավորներ, գործընթացներ սկսվեն իրավական ամբողջ պետաիրավական համակարգում»,- ասաց Վարդանյանը: