«Հոգեկան եւ նարկոլոգիական խնդիրներ ունեցող մարդը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»․ ովքեր կզրկվեն վարորդական իրավունքից

ԱԺ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը։ ՆԳ նախարար տեղակալ Արմեն Ղազարյանն ասաց, որ փոփոխությունը կատարվում է վարորդական վկայականի իրավունքի դադարեցման հոդվածում։

«Նշված հոդվածը սահմանում է վարորդական իրավունքի դադարեցման 4 հիմքեր՝ անգործունակություն, դատարանի կամ լիազոր մարմնի վարչական ակտ, մահ եւ թմրաբանական կամ հոգեբուժական համապատասխան եզրակացությունը։ Մենք փոփոխությունը կատարում ենք 4-րդ՝ թմրաբանական եւ հոգեբուժական եզրակացության հիմքի մեջ։ Ներկայում պրակտիկան այնպիսին է, որ յուրաքանչյուր վարչական գործառություն իրականացնելու ժամանակ ՆԳ համապատասխան ստորաբաժանումը հարցում է կատարում՝ տվյալ անձի սահմանափակումների վերաբերյալ թմրաբանական եւ հոգեբուժական հաստատություններից եզրակացություններ ստանալու համար։ Մինչդեռ քանի որ արդեն գործում է էլեկտրոնային առողջապահական համակարգը՝ ԱՐՄԵԴ-ը, առաջարկում ենք, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը կգրանցվի ու հաշվառված կլինի նմանատիպ հաստատություններում, եւ այդ տեղեկատվությունը կհայտնվի ԱՐՄԵԴ համակարգում, ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ կերպով այդ տեղեկատվությունը կհայտնվի։ Եվ մարդու վարելու իրավունքը կդադարի»,- ասաց Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ 2021-2025 թվականներին այդ հիմքով դադարեցվել է 2370 անձի վարելու իրավունք։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք անցած 4 տարիների ընթացքում դադարեցրել ենք 2000-ից ավելի անձի վարելու իրավունքը, միայն այն հիմքով, որ նրանք ունեցել են համապատասխան հաշվառումներ թմրաբանական եւ հոգեբուժական հաստատություններում, հաշվի առնելով Պարեկային ծառայության խիստ վարչարարությունը եւ անցած տարվա ընթացքում մոտ 5000 հոգու վարելու իրավունքից զրկելը եւ համադրելով այս վիճակագրությունը նաեւ մեր ճանապարհներին մահերի քանակի նվազման, վերջին երկու տարիներին կայունացող միտումների հետ, մենք կարող ենք կարող ենք ասել, որ այս վարչարարությունն ընդհանուր առմամբ նվազեցնում է ճանապարհային պատահարների ռիսկերը»,- նշեց Ղազարյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Հոգեկան եւ նարկոլոգիական խնդիրներ ունեցող մարդը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Թիվ ասաց պարոն Ղազարյանը՝ պարզվում է՝ նման խնդիրներ ունեցող 2370 մարդ վկայական են ունեցել։ Այդպիսի մարդը կարո՞ղ է ղեկին նստած լինել, եւ խնդիր չառաջանա։ Կարող է եւ առաջանա, երբ ինքը գրանցված է, մենք պետք է լինենք ուշադիր, պետք է բացառենք այդպիսի խնդիրներ ունեցող մարդկանց վկայական ունենալու հնարավորությունը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment