Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է հայրենասիրության չափանիշներին, նոր դպրոցական դասագրքերին և պետական պարտքի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ Սիսակ Գաբրիելյանը կոչ է արել հայրենասիրությունը չչափել տրված գումարների կամ կառուցած դպրոցների քանակով։
«Ես գիտեմ, որ 4 միլիարդով կարելի է ոչ թե հինգ դպրոց կառուցել, այլ օրինակ՝ առնվազն մի 800 դպրոց կարելի է կառուցել»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ գումարով հնարավոր կլիներ նաև վերացնել ծայրահեղ աղքատությունը։
Անդրադառնալով պետական պարտքի ավելացմանը՝ պատգամավորը զուգահեռներ է անցկացրել անշարժ գույքի շուկայական գների աճի հետ։ Նա նշել է, որ եթե 2017-ին բնակարանն արժեր 50,000 դոլար, ապա այսօր դրա գինը հասել է 120,000-ի։
«Այդ բանաձևով ավելացել է 20,000 դոլար մեր պետական պարտքը ամեն մեկիս վրա, բայց մեր տունն ինչքա՞ն է ավելացել»,- հարցրել է նա ընդդիմադիր գործընկերներին։
Գաբրիելյանը կարծիք է հայտնել, որ հարստությունը հաճախ ուղեկցվում է մեծ պարտքերով ու վարկերով, ինչը բիզնեսի տրամաբանությունն է։
«Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ վարկը լինի ոչ թե հիմիկվա նման 32 միլիոն դրամ, այլ 33 միլիարդ դոլար, որովհետև դա կնշանակի, որ ես ինչ-որ բան ինձանից ներկայացրել եմ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ կարևորը ոչ թե վարկի չափն է, այլ այն սպասարկելու կարողությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան