Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը

Կիևի մարզում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենամեծ պահեստը։ Այս մասին հայտնել է ընկերության համահիմնադիր Իրինա Չեչոտկինան, գրում է Meduza-ն։

«Այսօր ես պետք է գրառում հրապարակեի Rozetka-ի 21-ամյակի մասին։ Դրա փոխարեն գիշերը ես նայում էի, թե ինչպես է այրվում իմ կյանքի գործը՝ երեք բալիստիկ հրթիռների հարվածից հետո»,- գրել է նա ֆեյսբուքում։

Չեչոտկինայի խոսքով՝ Բրովարիի բաշխման պահեստային համալիրը բացվել է 2017 թվականի սկզբին։

«Դա ամենամեծն էր, ամենաավտոմատացվածը։ Մեր հպարտությունը։ Այստեղ մենք օրական մշակում էինք ավելի քան 100,000 պատվեր։ Այն վերականգնման ենթակա չէ»,- հավելել է նա։

Պահեստին հարվածի հետևանքով տուժածներ չկան։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Rozetka-ի պահեստը Բրովարիում արդեն երրորդ անգամ է հարվածի ենթարկվում։ Կիրակի՝ օգոստոսի 2-ին, ընկերությունը հայտնել էր, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը 24 ժամվա ընթացքում երկու անգամ հարվածել են պահեստին։

«Սա անկասկած պատահականություն չէր, այլ նպատակային հարված»,- հայտարարել էր ընկերությունը։

Բացի այդ, ռուսական զանգվածային հարձակման հետևանքով ոչնչացվել է ուկրաինական «Նովա Պոշտա» լոգիստիկ ընկերության տեսակավորման կենտրոնը, ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ՝ գործընկեր փոխադրողի երկու վարորդ և կապալառուի մեկ աշխատակից։ Եվս ութ մարդ վիրավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել էր, որ Կիևում զոհվել է մեկ մարդ՝ 60-ամյա կին, իսկ 16-ը՝ վիրավորվել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մեկ մարդու մահվան և 26 վիրավորի մասին։ Փրկարարների տվյալներով՝ Կիևի մարզում զոհվել է 14 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով այսօր առավոտյան մայրաքաղաքում և Կիևի մարզում տեղի ունեցած նոր զանգվածային հարվածները, նշել է 17 զոհի  և 44 մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment