Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտ է ներկայացրել ընկերության մոտ 15 միլիոն բաժնետոմս վաճառելու համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4.1 միլիարդ դոլար, հայտնում է CNBC-ն։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հարթակի ուժեղ ֆինանսական արդյունքները բաժնետոմսերի արժեքը հասցրել են ռեկորդային մակարդակի՝ Amazon-ի շուկայական կապիտալիզացիան բարձրացնելով 3 տրիլիոն դոլարից ավելի։
Վաճառքն իրականացվում է 2025 թվականի նոյեմբերի 14-ին հաստատված առևտրային ծրագրի շրջանակում, իսկ առաջին գործարքները կատարվել են օգոստոսի 3-ին՝ Morgan Stanley-ի միջոցով։ Դրանից մեկ օր առաջ Amazon-ի բաժնետոմսերը հասել էին պատմական առավելագույնին՝ երկրորդ եռամսյակի կայուն եկամուտների շնորհիվ։ Աճը պայմանավորված էր ամպային հաշվարկների ոլորտում հաջողություններով, ինչն ամրապնդել է ներդրողների վստահությունը արհեստական բանականության մեջ կատարված ներդրումների արդյունավետության նկատմամբ։ Ընթացիկ տարում ընկերության բաժնետոմսերն աճել են 23%-ով, ինչը երկու անգամ գերազանցում է S&P 500 ինդեքսի աճը։
Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ վաճառվող բաժնետոմսերը Բեզոսը ստացել է 1994 թվականին բիզնեսի հիմնադրման ժամանակ։ Վերջին տարիներին գործարարը պարբերաբար վաճառում է Amazon-ի բաժնետոմսեր՝ նախապես համաձայնեցված ծրագրերի շրջանակում՝ միաժամանակ մնալով ընկերության խոշորագույն բաժնետերերից մեկը։ Մայիսին նա նաև ոչ առևտրային կազմակերպություններին նվիրաբերել էր ավելի քան 220 հազար Amazon-ի բաժնետոմս։