Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»

Հայաստանը ցանկանում է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ապագայի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Ռազմաբազայի հնարավոր դուրսբերման համար պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանում իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ ամենակարևոր որոշումները կընդունեն արտաքին խաղացողները»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Ռուս դիվանագետն ասել է, թե Հայաստանի ղեկավարությունը, օրինակ, հայտարարում է, որ ԵՏՄ-ի ու Եվրամիության միջև ընտրություն կատարելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ անհրաժեշտ է դրական արձագանք ստանալ Բրյուսելից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, հնչում են հայտարարություններ, որ եթե Հայաստանը հեռացվի կազմակերպությունից, դա կառավարությանը կազատի երկընտրանքից՝ դուրս գալ կամ մնալ։

Միաժամանակ, Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիում ռազմակայանի հետ կապված բոլոր հարցերը։ Երկխոսությունը կկառուցվի ռուսական զորակազմի գտնվելու կարգավիճակը կարգավորող համաձայնագրերի հիման վրա, ընդգծել է Կալուգինը։ Նա նաև նշել է, որ եթե նման քննարկում տեղի ունենա, անդրադարձ կկատարվի նաև հայկական որոշ լրատվամիջոցների հարթակներում տարածվող այն նյութերին, որոնց նպատակն է վարկաբեկել ռուսական ներկայությունը՝ այն ներկայացնելով գրեթե որպես «օկուպացիայի» տարր։

«Հուսով ենք, որ նման սյուժեների և հոդվածների հեղինակները գիտակցում են, որ իրականում որևէ քիչ թե շատ լուրջ այլընտրանք չկա»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, ըստ Կալուգինի՝ վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից երևում է, որ Հայաստանի բնակչությունը դա հստակ գիտակցում է։

«Հանրապետության քաղաքացիների համոզիչ մեծամասնությունը հանդես է գալիս Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայության օգտին։ Տարիների ընթացքում այն դարձել է բազմաթիվ քաղաքացիների այցելության վայր։ Առնվազն դա երևում է այն հետաքրքրությունից, որը նրանք ցուցաբերում են պարբերաբար անցկացվող բաց դռների օրերի նկատմամբ։ Տեղակայված ռազմաբազայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Իհարկե, մենք պատրաստ ենք քննարկել մեր ռազմակայանի շուրջ առկա հարցերի ամբողջ համալիրը՝ հայկական կողմի առաջարկած՝ ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ առարկայական քննարկման շրջանակում»,- ասել է Կալուգինը։

Նա նաև ընդգծել է, որ պետք է հաշվի առնել՝ քննարկումները կկառուցվեն համապատասխան պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա, որոնք կարգավորում են ռուսական զորակազմի գտնվելու պայմանները։

Հավելենք, որ հայկական կողմը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց չի ներկայացրել։ Այդ թեման առաջին անգամ բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեքում կայացած մամուլի ասուլիսում՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, ապա՝ «կգնան թեկուզ վաղը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment