«Դուք ցանկանում եք մենաշնորհ ունենալ ամեն ինչի վրա։ Մենաշնորհ՝ քաղաքական դաշտում, պետական համակարգում, որոշումների կայացման մեջ և այլն։ Ամենավտանգավոր մենաշնորհը, որին ձգտում եք բառիս բուն իմաստով, իշխանության մենաշնորհն է»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
Նա ցավով նշեց՝ այս իշխանությունը տարիներ շարունակ քայլ առ քայլ կառուցել է մի համակարգ, որտեղ ամեն ինչ պետք է ենթարկվի մեկ քաղաքական կամքի կամ մեկ մարդու․ «Ընտրական գործընթացների արդյունքում հասաք նրան, որ ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։ Արդյունքում ձևավորվեց այնպիսի մեծամասնություն, որն ապահովեց ձեզ համար նույնիսկ սահմանադրական որոշ որոշումներ ընդունելու համար 3/5-րդ ձայներ։ Բայց դա էլ ձեզ բավարար չէ»։
Նա փաստեց՝ ԱԺ-ն կառավարությանը ծափ տալու համար չէ, այլ վերահսկելու․ «Մենք այստեղ չենք, որ գործադիրի յուրաքանչյուր կատարած աշխատանք ու որոշում ներկայացնենք՝ որպես հաղթանակ։ Մենք, նաև դուք այստեղ ենք, որ հարցնենք, պահանջել պատասխանատվություն, բացահայտենք սխալները և այլն»։
Եզրափակելով ու հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց․ «Վերջում իշխանական պատգամավորներին հիշեցնենք՝ Սահմանադրության մեջ դեռևս գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը ու պետք է հիշել, որ մանդատը դուք ստացել եք ժողովրդից, ոչ թե գործադիրից՝ օգտագործման հրահանգով»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: