Թեեւ Վերաքննիչ դատարանը Armat Media-ի խուզարկությունն ապօրինի է ճանաչել, սակայն խմբագրության դռները դեռեւս կապարակնքված են, իսկ խմբագրության եւ աշխատակիցների գույքը չի վերադարձվել։
Aravot.am-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց՝ եթե դատարանը ապօրինի է ճանաչել Armat Media-ի խուզարկությունը, ինչու գույքը չի վերադարձվում, եւ չեն բացվում խմբագրության կապարակնքված դռները։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարն ընդամենն ասաց, որ չի մեկնաբանում։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության նպատակով կապվեց նաեւ Armat Media-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։ «Քննչական կոմիտեի խոսնակի կողմից չմեկնաբանելու հետեւանքն այն է, որ սեպտեմբերին ընդառաջ, երբ սկսվում է ԱԺ-ի աշխատանքը, եւ լրագրողներն աշխատում են գերծանրաբեռնված, Armat Media-ն շարունակում է իր աշխատանքը դժվարություններով՝ տանից աշխատելով, որովհետեւ մեր դռները դեռ կապարակնքված են։ Եթե ամառային արձակուրդի շրջանում հնարավոր էր լրագրողների աշխատանքը մի փոքր ավելի թեթեւ գրաֆիկով տանից իրականացնել, սեպտեմբերից դա դառնում է մեծ դժվարություն մեդիայի համար»,- ասաց Աղավնի Սուքիասյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: