Գերիների մասին մենք հրապարակային չենք խոսում, գործն արվում է, և այդ մոտեցումից հետո գերիներ են վերադառնում Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ քննարկվել է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
«Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ և կարծում եմ, որ այս ճանապարհով, որ շարունակենք առաջ ընթանալ՝ մեր երկու երկրները մոտ ապագայում որևէ խնդիր չեն ունենա»,- ասել է Սիմոնյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում, այնուհետև կմեկնի Ադրբեջան։
***
Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և 8 հայերի դատավճիռները։
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:
The post Հրապարակային չենք խոսում, գործն արվում է․ Սիմոնյանը՝ Վենսի հետ գերիների հարցը քննարկելու մասին appeared first on CIVILNET.