Փարիզյան գնե՞ր՝ Գյումրու կենտրոնում, կամ այն մասին, թե ինչո՞ւ է այս քաղաքում հետընթաց ապրում զբոսաշրջությունը

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռամբ Գյումրիում, որպես քաղաքի տնտեսական զարգացման կարևոր ու հիմնական ճյուղ, տարիներ շարունակ մեծ զարգացում ապրեց զբոսաշրջությունը։ Սակայն ոլորտի մասնագետները սկսել են ահազանգել, որ Գյումրիին եկամուտ բերող գերակա ուղղությունը սկսում է մեռնել․ չնայած «Շիրակ» օդանավակայանի ու երկաթուղու առկայությանը՝ ներգնա տուրիզմը չի զարգանում, քաղաքը մնացել է ներքին տուրիզմի հույսին։

Ոլորտի մասնագետները տարբեր պատճառներ են մատնանշում՝ նորարարությունների բացակայությունից, քաղաքը դրսի աշխարհում չգովազդելուց, համապետական խոշոր միջոցառումներ չանցկացնելուց մինչև ռեստորանատերերի ու սրճարանատերերի կողմից գների կամայական բարձրացումը։

Aravot.am-ն այս անգամ խնդիրների մասին զրուցել է Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանի հետ։

«Գյումրիում իրոք զբոսաշրջությունն անկում է, ես կասեմ՝ այլևս չկա զբոսաշրջություն։

Մեր քաղաքի տնտեսական զարգացման միակ ճյուղը զբոսաշրջությունն էր։ Տարիներ առաջ մենք զգուշացրել ենք պատկան մարմիններին՝ և՛ հետազոտություններ ենք անցկացրել, և՛ մասնագիտական առաջարկներ ենք արել՝ լուծումներ մատնանշել, որպեսզի կարողանանք պահել մեր քաղաքի զբոսաշրջությունը։ Ավաղ, մեզ լսողներ չեղան, ականջալուր մարդիկ չեղան պատասխանատուների մեջ։

Մարդիկ, երբ այցելում էին Գյումրի, ասում էին՝ մեր շնորհիվ է, մենք արեցինք, որ գալիս են, ու ուրախ, երջանիկ, ժպիտը դեմքներին հայտարարում էին՝ Գյումրին արդեն զարգացավ։

Ցավոք սրտի, Գյումրին չզարգացավ, մի քանի տարվա բումը, ներհոսքը չէր կարող ամբողջական մի քաղաք զարգացնել։ Ու ոչինչ չանելով՝ բնականաբար կորցրեցինք եղածը, բառի բուն իմաստով մսխեցինք, ու հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Նա մանրամասնում է, որ առաջարկների փաթեթ էին կազմել, որը մեծ ոգևորությամբ ուղարկում էին ինչպես ամեն մի նոր մարզպետի, այնպես էլ զբոսաշրջության կոմիտեի, բայց պարզվեց՝ անիմաստ էր։

«Այդ փաթեթները կամ սիրուն ինչ-որ մի դարակում էին դնում, կամ խորոված էին անում, կրակն էին վառում մեր տված թղթերով։ Դրա համար լուրջ չենք վերաբերվում ու առաջարկներ այլևս չենք ներկայացնում։ Ինչ կարողացանք, կանենք, բայց բնական է՝ մասնավորը չի կարող մեծ, լուրջ փոփոխություն անել, պետական մոտեցում է պետք»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա նշում է, որ պետք է մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնեին, զբոսաշրջային նոր ուղղություններ մշակեին․ եթե մարդը մեկ-երկու անգամ եկավ, տեսավ նույն տեսարանը, երրորդ անգամ հազիվ թե նորից գա։

Ըստ Գոռ Թորոսյանի՝ պատկան մարմինները պետք է գնային քաղաքականությունը վերահսկողության տակ պահեին, ոչ թե թույլ տային՝ ով ինչ գին ուզի, առաջարկի, ով քնից արթնանա, ասի՝ ես տուրիզմի մասնագետ եմ ու փորձի իր ոչ բավարար գիտելիքներով հարուստ պատմություն ունեցող Գյումրին ներկայացնի։

«Մարդը գալիս է Գյումրի, վատ սպասարկման է արժանանում, չի ասում՝ X օբյեկտի տերը, X տաքսու վարորդը վատ սպասարկեց, ասում է՝ գյումրեցիները վատ սպասարկեցին։

Ու ամբողջ քաղաքի անունն է դուրս գալիս»։

Մեր զրուցակցի ասելով՝ զբոսաշրջությունը որպես գերակա ճյուղ համարող ՏԻՄ-ը մինչև օրս զբոսաշրջության բաժին չունի․ Գյումրու քաղաքապետարանում մի հոգի չկա, որ զբոսաշրջության մասնագետ լինի ու զբաղվի այս ճյուղով։

Շիրակի մարզպետի աշխատակազմում էլ զբոսաշրջությունը զարգացման մշակման և իրականացման բաժնի մեջ է ներառված, որտեղ շեշտը ավելի շատ մյուս գործառույթների վրա է դրված, քան զբոսաշրջության։

Գոռ Թորոսյանը նշում է, որ Գյումրիում գների չկառավարվող բարձրացում է տեղի ունեցել, ընդ որում՝ ոչ միայն մասնավորի, այլ պետական կառույցների կողմից․ առանց փորձագետների հետ խորհրդակցության՝ թանկացրել են քաղաքային ու մարզային ենթակայության թանգարանները։

«Մի քանի անգամ բարձրացրեցին գները, եթե առաջ համայնքապատկան կամ մարզային ենթակայության թանգարաններ գալիս էին մատչելի գնով, եթե չեմ սխալվում, աշակերտների համար 200 դրամ էր տոմսի արժեքը, 400 դրամ՝ մեծահասակների համար, հիմա 300 դրամ է դարձել երեխաների համար, 1000 դրամ՝ մեծահասակների։ Հայաստանի այլ տեղանքների բնակիչներն ասում են՝ ավելի լավ է երեխաս սնվի, սոված չմնա ողջ օրը, քան գնա թանգարաններ»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Ըստ նրա՝ Գյումրին մի քանի տարի առաջ մատչելի քաղաքի համբավ ուներ․ սա ևս ձգում էր զբոսաշրջիկներին, որոնք գալիս էին Գյումրու յուրատեսակ կոլորիտը վայելելու, ու այս ամենը իրենց վրա թանկ չէր նստում։

«Գյումրին շատ լավ խաչմերուկ կարող էր լինել Թբիլիսիի-Երևանի և Հայաստանի հարավի միջև, որը չեղավ։ Գյումրին թե՛ գնայինով, թե՛ կոլորիտով կարող էր մրցակցել Թբիլիսիի հետ, բայց, ցավոք սրտի, անհամեմատելի են։ Ասում են՝ ցանկացած երկրի մայրաքաղաքում ամեն ինչն ավելի թանկ է, բայց փաստն այն է, որ Թբիլիսին ավելի էժան քաղաք է, քան Գյումրին»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Մեր դիտարկմանը՝ մի ժամանակ կատակում էին, թե Փարիզում ավելի էժան է սուրճ խմելը, քան Գյումրու պատմական կենտրոնում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ կատակ է, դա այդպես է, ինքս եվրոպական երկրներում շատ եմ լինում, գները, երբ համեմատում եմ Գյումրու հետ, գրեթե նույնն են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment