Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին

Քաղաքականություն

04.08.2026 | 22:32

Արդյո՞ք Հայաստանն այն երկրների ցանկում է, որտեղ առաջարկվել է ստեղծել անօրինական ներգաղթյալների վերադարձի կենտրոններ (return hubs)։ Որքանո՞վ են ստույգ մի քանի օր անդադար, մասնավորապես, իտալական մամուլում շրջանառվող նման տեղեկությունները, և արդյո՞ք Հայաստանի իշխանությունների հետ նման քննարկումներ եղել են։

Factor TV-ն այս հարցերն ուղղել էր Եվրահանձնաժողովի խոսնակին, որը քիչ առաջ պատասխանել է՝ ընդհանրական անդրադարձով։

Ըստ այդմ, խոսնակի ներկայացմամբ՝ միգրացիայի և ապաստանի վերաբերյալ ԵՄ նոր կանոնների հաջողությունը կախված է դրանց արդյունավետ կիրառումից։

«Որպես վճռական և արդար միգրացիոն համակարգի էական մաս՝ ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող անձինք պետք է վերադառնան։ Սա առանցքային նշանակություն ունի քաղաքացիների վստահությունը պահպանելու և ապաստանի իրավունքի ամբողջականությունը պաշտպանելու համար»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է ԵՄ սահմաններից դուրս անօրինական ներգաղթյալների վերադարձի կենտրոնների ստեղծմանը, ըստ մեր աղբյուրի՝ հաջորդ քայլերը ԵՄ անդամ պետությունների տիրույթում են։

«Հանձնաժողովը տեղյակ է, որ անդամ պետությունները որոշակի երրորդ երկրների հետ հնարավոր լուծումներ են ուսումնասիրում։ Այնուամենայնիվ, այս պահին սեղանին դրված կոնկրետ առաջարկներ չկան»,- Factor TV-ին ասել է Եվրահանձնաժովի խոսնակը։

Ըստ նրա՝ հանձնաժողովը պատրաստ է գնահատել ցանկացած առաջարկ, եթե այն ամբողջությամբ հիմնված է գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ համագործակցության վրա և համապատասխանում է գործող իրավական կարգավորումներին։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

 

 

Leave a comment