Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ ու կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Ցելյեի» սլովենացի կիսապաշտպան Սվիտ Սեսլարը` անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը (տեսանյութ

Դաշտի տերերի պատասխան գոլը 38-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը, որը տպավորիչ հարվածով դարպասը գրավեց տուգանայինից (տեսանյութ):

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիային» կամային հաղթանակ պարգևեց փոխարինման մտած բրազիլացի Կառլոս Ֆրանսան (տեսանյութ):

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին Սլովենիայում։

«Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» որակավորման վերջին փուլում մրցելու է «Սլովան» (Սլովակիա) – «Մյելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը եվրագավաթներում պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում ու մրցելու է «Կուպս» (Ֆինլանդիա) – «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման նախորդ երկու փուլերում «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս է թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Ցելյե» (Սլովենիա)՝ 2:1

Արթուր Սերոբյան, 38, Կառլոս Ֆրանսա, 70 – Սվիտ Սեսլար, 21 (11մ)

Leave a comment