Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը

Քաղաքականություն

04.08.2026 | 21:17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով սահմանափակումներ են սահմանվում արտերկրում բնակվող Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր քրեական կամ վարչական գործերով հեռակա կարգով դատապարտվել են։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, գրում է Current time-ը։

Օրենքը քաղաքական էմիգրանտներին արգելում է ստանալ արտասահմանյան անձնագրեր և օգտվել դեսպանատներում մատուցվող հյուպատոսական ծառայություններից։ Բացի այդ, նրանք կզրկվեն Ռուսաստանում իրենց գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունքից։

Օրենքը նաև առաջարկում է սառեցնել բանկային հաշիվները և սահմանափակել բանկային բջջային հավելվածներին հասանելիությունը՝ դրամական փոխանցումները կանխելու համար։

Ռուսաստանում վաստակած և ստացված բոլոր միջոցները, օրինակ՝ կենսաթոշակները, կազմակերպություններից և անհատներից ստացված վճարումները, կուղարկվեն հատուկ ռուբլային հաշվին, որից կարող են վճարվել միայն դատարանի կողմից նշանակված տուգանքները։ Միաժամանակ, Ռուսաստանից մեկնած անձանց մերձավոր ազգականներին, որոնք չունեն սեփական եկամտի աղբյուր, կարող է նշանակվել ամսական նպաստ, որը կվճարվի նրանց սառեցված դրամական միջոցներից։

Օրինագիծը Ռուսաստանի Պետական դումա էր ներկայացվել 2025 թվականի դեկտեմբերին և նույն ամսին ընդունվել առաջին ընթերցմամբ։

Հուլիսի 22-ին օրինագիծը Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի կողմից միանգամից ընդունվել էր երկրորդ և երրորդ ընթերցումներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment