ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ-ադրբեջանական բանակցություններում գրանցված առաջընթացը

Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացն ու գտնում, որ արդեն հնարավոր է երկու երկրների միջև ձեռքբերել կայուն խաղաղություն: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց կողմերը «ընդհուպ մոտեցել են վերջնական փաստաթղթի ստորագրմանը»։

«Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց տևական խաղաղությունն արդեն հասանելի է դարձել։ Մենք Շվեյցարիայում հպարտ ենք, որ թեկուզ փոքր չափով ներդրում ենք ունեցել այդ ճանապարհին ձեռնարկված քայլերի մեջ։ Ես կոչ եմ անում իմ ադրբեջանցի գործընկերոջը շարունակել այդ ջանքերը, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնագիրը։ Դա կարևոր քայլ կլինի երկու երկրների ժողովուրդների և ընդհանուր տարածաշրջանի համար հաշտեցման ու կայունության ճանապարհին»,- նշել է Կասիսը։

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ Շվեյցարիան պատրաստ է այսուհետ ևս աջակցել խաղաղության գործընթացին, եթե կողմերը դիմեն համապատասխան խնդրանքով։

«Եթե դրա անհրաժեշտությունն առաջանա և կողմերը նման ցանկություն հայտնեն, Շվեյցարիան պատրաստ է աջակցել գործընթացին։ Մեր երկիրն ունի Հարավային Կովկասում վստահության ամրապնդման բազմամյա փորձ, ու մենք պատրաստ ենք այսուհետ ևս մեր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ»,- եզրափակել է նա։

 

Թարգմանությունը՝ «Հետք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment