Բացառվում է, որ Սահմանադրության փոփոխության հարցում «Հայաստան» դաշինքից ՔՊ-ին միացողներ լինեն․ Իշխան Սաղաթելյան

Աշնանը Հայաստանին սպասվում են ծանր գործընթացներ, և ընդդիմության հիմնական օրակարգը պետք է լինի դրանց դիմակայելը․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Իր փոխանցմամբ՝ սահմանազատման և սահմանագծման պատրվակով իշխանությունները պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել եւ դա չեն էլ հերքում, նաեւ իշխանությունները մտադիր են առաջ մղել նոր Սահմանադրության նախագիծը՝ չունենալով Ազգային ժողովում բավարար թվով ձայներ։

Իշխան Սաղաթելյանը ընդդիմությանը միասնության կոչ արեց՝ հիշեցնելով արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ «ՈՉ»-ի ճակատ ստեղծելու իր առաջարկի մասին․ «Մենք պետք է պատրաստ լինենք իշխանություններին հակազդելուն»։

Ավելի լայն հանրային համախմբման դեպքում ինքը վստահ է, որ հնարավոր կլինի հաջողության հասնել ինչպես խորհրդարանական, այնպես էլ փողոցային պայքարի միջոցով։ Իր գնահատմամբ, այժմ իշխանությունները փորձում են ժողովրդին հանել ընդդիմության դեմ, որպեսզի հետո սպառնալիքների ու շանտաժի ֆոնին բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Մասնավորաբար, իր փոխանցմամբ, իշխանությունները առաջ են տանում այն թեզը, ըստ որի՝ հակապետական ուժեր են անվանում բոլոր նրանց, ովքեր չեն օգնում իրենց կատարել Ադրբեջանի պահանջները։ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի կոտրել դիմադրության օջախները, որպեսզի կատարի Ադրբեջանի պահանջները։ Նա չի բացառում, որ Ադրբեջանի պահանջները կատարելու համար Փաշինյանը կփորձի հավաքել մարդկանց և ճնշում գործադրել ընդդիմության վրա․ «Փաշինյանը խոստում է տվել Ալիևին, չի հավաքել բավարար թվով ձայներ և կփորձի սպառնալիքներով, շանտաժով, ձերբակալություններով ու կալանավորումներով հասնել դրան»։

Նա բացառեց, որ Սահմանադրության փոփոխության հարցում «Հայաստան» խմբակցությունից որևէ մեկը կմիանա իշխանություններին։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանից դրական ազդակներ կան՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության և «Թուրքիային և Ադրբեջանին ներկայացվող հողային պահանջները հանելու մասին»։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ հայտարարել էր, որ եթե իրենք լավ նախագիծ բերեն խորհրդարան, հնարավոր է ընդդիմադիրներն էլ դրա օգտին քվեարկեն։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment