ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մի քանի կառույցների, ինչպես նաև երկու ռուսական ընկերությունների և հինգ ռուս անհատների նկատմամբ։ Այս մասի ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է Current time-ը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի ՊՆ հրթիռային և հրետանային գլխավոր վարչությունը, Զինված ուժերի 1061-րդ տեխնիկական ապահովման կենտրոնը, ՊՆ առաջադեմ միջծառայողական հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչությունն ու երկրի ցամաքային զորքերը։ Պատժամիջոցները տարածվում են նաև դրանց իրավահաջորդների, ստորաբաժանումների կամ դուստր ձեռնարկությունների վրա։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ներառվել են ռուսական երկու ընկերություններ՝ International Invest Company-ն  Gedion Alpha Company-ն, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պրիխոդկոն, Անդրեյ Գուսևը, Անդրեյ Կոսոլապովը, Վլադիսլավ Մորոզիկը և Սերգեյ Ցիբարևը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ այս և այլ օտարերկրյա անձինք զբաղվել են այնպիսի գործունեությամբ, որն արդարացնում է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի դեմ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքով նախատեսված պատժամիջոցները:

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 24-ին և կտևեն երկու տարի, եթե Պետքարտուղարությունն այլ որոշում չընդունի:

Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան գերատեսչություններին արգելվում է ապրանքներ գնել ցուցակում ընդգրկված անձանցից, օգնություն ցուցաբերել կամ զենք վաճառել նրանց։

Հուլիսի վերջին ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատել էր Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրինագիծը։

Մասնավորապես, այն լիազորում է նախագահ Դոնալդ Թրամփին մինչև 200 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և բնական գազի աշխարհի խոշորագույն գնորդների նկատմամբ, ինչպես նաև ընդլայնում է պատժամիջոցները ռուսական ֆինանսական հաստատությունների, քաղաքական էլիտայի, խոշոր գործարարների և ռուսական «ստվերային նավատորմի» դեմ։ Օրինագիծը դեռևս վերջնականապես չի մշակվել. այն պետք է հաստատվի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment