«Երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ և առաջնային օրակարգեր եմ տեսնում, քան Կոնջորյանի ընտրվելը»․ Իշխան Սաղաթելյան

«Երբ գա հանձնաժողովները ընտրելու ժամանակը, վերջնական կհայտարարենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ քանի որ չեն վերցնելու հանձնաժողովների նախագահների պաշտոնները, դրանք զիջելու են «Ուժեղ Հայաստանի՞ն»։

Լրագրողի դիտարկմանը՝ երբ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների, մերձավորների հետ կապված ինչ-որ պատմություններ էին լինում, գործող իշխանությունը, որն այդ ժամանակ ընդդիմադիր էր, դատապարտում էր, պահանջում էր, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին և այլն։ Հիմա, երբ, օրինակ, Հայկ Կոնջորյանի եղբայրը նման վարքագիծ է դրսևորում, իրենք ասում են՝ դե, եղբայրը ի՞նչ կապ ունի, և հարցին՝ ի՞նչ եք կարծում, այս ամենից հետո Հայկ Կոնջորյանը պե՞տք է շարունակեր հավակնել այդ բարձր պաշտոնին, և արդյոք ՔՊ-ն չպե՞տք է այդ առումով քաղաքական պատասխանատվության հարց հնչեցներ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Իրավունք չունի։ Եթե այն, ինչ տեղի է ունեցել, տեղի ունենար ընդդիմադիր գործիչներից որևէ մեկի հետ, որևէ մեկի հարազատի, առնվազն ինքը այդ պահին կալանավորված կլիներ, ու դա երկրի թիվ մեկ օրակարգը… Պատկերացնում եք, չէ՞, իրենց քարոզչական մեքենայով հիմա ինչ էին անում։ Բայց իշխանության պարագայում փորձում են պաշտպանվել, փորձում են կարգավորել, փորձում են սղղացնել, որ անցնի»։

Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ ՔՊ-ն կիսում է ամբողջ պատասխանատվությունը, եթե Հայկ Կոնջորյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ, բայց․ «Գիտեք՝ ես մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ և առաջնային օրակարգեր եմ տեսնում։ Մեծ հաշվով՝ Հայկ Կոնջորյանը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ, թե ուրիշ մի քպ-ական, խոշոր հաշվով ընդհանրապես տարբերություն չկա։ Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետևյալն են․

Հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում, սահմանազատում (հարցադրում եմ արել՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու, մարդիկ չեն ժխտել)։

Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունները։

Մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև։

Սրանք են մեր երկրի կարևոր և առաջնային օրակարգերը, բայց ակնհայտ պրոցես է տեղի ունենում՝ այս հիմնական և գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել անձնական ապօրինի գույք, չգիտեմ՝ «քո ախպերը, քո քույրը, քո հերը, քո մերը, չգիտեմ ինչ»։ Բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, չէ՞, որոնց վրա պետք է կենտրոնանալ»։

 

Մանրամասները՝ շուտով տեսանյութում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment