«Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը»․ Նարեկ Կարապետյանը՝ Հաջիեւի հայտարարության մասին

Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանից դրական ազդակներ կան՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության և «Թուրքիային և Ադրբեջանին ներկայացվող հողային պահանջները հանելու մասին»։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ հայտարարել էր, որ եթե իրենք լավ նախագիծ բերեն խորհրդարան, հնարավոր է ընդդիմադիրներն էլ դրա օգտին քվեարկեն։

Հարցին՝ «ընդդիմության մեջ կգտնվե՞ն երկրի շահերից ելնելով գործող մարդիկ»՝ Նարեկ Կարապետյանը սարկազմով ճշտեց՝ ի շահ ո՞ր երկրի։ Նա նշեց՝ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնությունը, իսկ Ադրբեջանի պահանջներն ապօրինի են․ «Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է ապագա սպառնալիքների շատ դռներ փակի։ Վստահ եղեք, որ մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են լինելու խաղաղությանը, բայց թույլ չեն տա էթնիկ փոփոխություններ։ Հարևան երկրի ղեկավարությունը բազմիցս խոսել է Հայաստանի էթնիկ կազմը փոխելու մտադրության մասին։ Խոսում են «վերադարձի» մասին այն դեպքում, երբ նրանք այստեղ չեն եղել, երեխաներին սովորեցնում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը»։

Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնում է՝ «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնած հակասաֆարովյան օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում հարևանների կողմից գույք ձեռք բերելը սահմանափակող օրենքի բացակայությամբ․ «Վստահ եղեք, որ խաղաղությունն այնպիսին է լինելու, որ ոչ ոք չկարողանա միջամտել երկրի ներքին գործերին»։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment