Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հետաքննության մարմնին պատկանող գույքը ոչնչացնելու, խուլիգանություն կատարելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնային կալանքի տակ գտնվող Ս.Բ.-ն իր խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննության ընթացքում, դժգոհ լինելով դատարանի կողմից կայացրած որոշումից՝ դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, մասնավորապես՝ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել ու դուրս է բերվել դատարանի դահլիճից:

Այնուհետև, Ս.Բ.-ն ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ կապված, վերջիններիս գույքը վնասելու նպատակով՝ ձեռքով հարվածել ու կոտրել է բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի ապակին, իսկ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ձերբակալվածի դատավարական կարգավիճակում հարցաքննությունից հետո սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, մասնավորապես՝ իր օգտագործման համար, սեղանին դրված ջրի շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ ոստիկանների հասցեին, որի ժամանակ վերջինիս գործողությունները կանխելու համար նրա նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ և ձեռնաշղթա:

Այնուհետև, կալանավորված անձ Ս.Բ.-ն ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու նպատակով՝ սենյակի պատուհանից դուրս է եկել և դիմել փախուստի, որից հետո ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Ս.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ), 490-րդ հոդվածի 2-րդ մասով  (դատավորի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) և 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment