Իրանը և Օմանը կարող են շուտով Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ համաձայնության գալ

Իրանը և Օմանը կարող են շուտով համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավագնացության կազմակերպման վերաբերյալ, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով ամերիկյան և իրանական աղբյուրներին։

Դրա պայմանների համաձայն՝ «Պարսից ծոց մեկնող նավերը կանցնեն Իրանի կողմից վերահսկվող և նրա ափին մոտ երթուղով, մինչդեռ ծոցից դուրս եկող նավերը կանցնեն Օմանի ափերից դուրս գտնվող երթուղով»։

Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ նավերի անցման համար որևէ մաքս չի գանձվի։ Սակայն, համաձայնագիրը նաև նախատեսում է «ծառայության վճար»՝ նավագնացության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, բեռնատար նավերի և տանկերների անվտանգությունը և անձնակազմի ծախսերը ծածկելու համար, ընդ որում՝ եկամուտները հավասարապես կբաշխվեն Իրանի և Օմանի միջև, թերթին ասել են երկու իրանցի պաշտոնյաներ։

Ըստ բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի՝ Իրանի հաշվետվությունը «սխալ է»։ Նրա խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած ժամանակավոր երթուղի չի պահանջի Իրանի հաստատումը կամ թույլտվությունը և չի ներառի որևէ վճար։

Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները շեշտել են, որ նեղուցը կմնա փակ՝ անկախ որևէ համաձայնագրից, մինչև ԱՄՆ-ն չվերացնի Պարսից ծոցի իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, և երկու երկրներն էլ չվերադառնան Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում ուրվագծված 14 կետանոց պլանին։

Իրանցի պաշտոնյաները նշել են, որ Օմանի հետ համաձայնագիր են մշակում, որը կապահովի նեղուցը վերահսկելու նրանց կարողությունը և, հետևաբար, կպահպանեն ռազմավարական լծակները, որոնք նրանք չունեին պատերազմից առաջ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է մնա բաց ջրային ուղի, ինչպես դա եղել է մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելը փետրվարի 28-ին։

Leave a comment