«Մենք պարոն Կոնջորյանի թեկնածությունն ենք քննարկում՝ իբրև ԱԺ փոխնախագահի։ Ինձ մոտ էլ է տպավորություն, որ մենք «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, որովհետև ընդդիմության ելույթները, դիտարկումները դրան են վերաբերվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին՝ գիտի՞ պետության կողմից կառավարվող մեկ այլ նման հիմնարկ, որի ղեկավարն այդքան բարձր աշխատավարձ` 10 հազար դոլարին համարժեք է ստանում։ Ասաց՝ առհասարակ չի տիրապետում հիմնարկների ղեկավարների աշխատավարձի չափին։
Հասմիկ Հակոբյանն ասաց՝ լավ կլիներ, որ ընդդիմությունը քաղաքական հարցեր քննարկեր Հայկ Կոնջորյանի մասով և ոչ թե «կեղծ օրակարգ» բերեր։ Իսկ Կոնջորյանի կինը, իր փոխանցմամբ, շատ լավ աշխատակից է եղել, մրցույթի է մասնակցել և հաղթել է․ այսքանն ինքը գիտե։ Նաև տեղեկությունների չի տիրապետում «ՀայՓոստի» կրած վնասների մասին, բայց, իբրև քաղաքացի, ի տարբերություն «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հարություն Մնացականյանի, դրական տեղաշարժեր է տեսել։
«Ես, ինչպես իմ թիմակիցները, դատապարտում ենք որևէ բռնություն, որը պարոն Կոնջորյանի եղբոր հանդեպ է եղել։ Նաև շատ դատապարտում եմ, որ պաշտոնյաների հարազատ լինելու հիմքով մարդիկ են թիրախավորվում։ Կանանց իրավունքների ջատագով ներկայացող․․․ անունը չեմ հիշում՝ դուրս գալ և քննադատել մարդուն, զուտ նրա համար, որ կինը պաշտոն է զբաղեցնում․․․»,- սա էլ Հասմիկ Հակոբյանի պատասխանն է Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին հարցին։ Գործը իրավապահների տիրույթում է, երկու կողմի գործողությունների մասով կա քրեական գործ, ասում է՝ մնացյալը քննությունը կպարզի։
Հավելում է՝ Հայկ Կոնջորյանը մինչ այսօր պակաս դիրք չի ունեցել՝ լինելով իշխող ուժի խմբակցության ղեկավար, և եթե լծակ օգտագործել ցանկանար, այդ դիրքում էլ կարող էր։ Այնպես որ, իր գնահատմամբ, այս իրողությունները չեն կարող ազդել ՔՊ-ի որոշման վրա՝ Հայկ Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ նշանակելու մասով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: