Ռուսական զորքերն օգոստոսի լույս 4-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 136 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական զորքերը խոցել են 117-ը։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։
Սումիի մարզ
Սումիում զոհվել են երկու աղջիկ (5 և 10 տարեկան) և մեկ տարեց կին։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ ռուսական ուժերը վեց ուղղորդվող ռումբ են նետել քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
«Երեխաների մարմինները դուրս են բերվել իրենց տան փլատակներից։ Ծանր գիշեր էր՝ սարսափելի հետևանքներով։ Բնակելի շենքերը և ոչ բնակելի կառույցներն ավերվել ու վնասվել են»,- նշել է նա։
Եվս չորս մարդ դիմել է բժշկական օգնության։ Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Դնեպրոպետրովսկի մարզ
Պավլոգրադի մարզում, ըստ մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի, ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, վնասվել են մասնավոր տներ: Նիկոպոլի շրջանում վնասվել է բազմահարկ շենք:
Օդեսայի մարզ
Երկու մարդ վիրավորվել է Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքում մասնավոր տան վրա ռուսական օդային հարվածի հետևանքով, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նիկոլաևի մարզ
Նիկոլաևում 89-ամյա կին է զոհվել, յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 և 12 տարեկան աղջիկներ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ավերվել է երկու մասնավոր տուն, վնասվել է ևս յոթ տուն, մեկ մեքենա, երեք բազմաբնակարան շենքերի ապակիներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի