Ջեյ Դի Վենսը դարձավ ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երբեւէ Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դատելով լուսանկարներից, Ջեյ Դի Վենսին եւ տիկնոջը հուշահամալիրի տարածքում հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ուղեկցել:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ. ապրիլի 24-ին ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որում չէր օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ աքսորվեց եւ մահվան երթի դատապարտվեց: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար:
Մենք հպարտ ենք 1915-ին հիմնադրված Հայկական եւ սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարեւոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, եւ երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, որոնք օժանդակեցին եւ կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,- իր ուղերձում նշել էր Դոնալդ Թրամփը: