Քաղաքականություն
04.08.2026 | 12:35
Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելու հարցը լուրջ մտահոգություն էր առաջացրել Ադրբեջանում: Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, այս հարցը մեզ համար մնում է մշտական «կարմիր գիծ»: Այս մասին թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմաթ Հաջիևը:
«Երբ այս հարցը ծագեց, Ադրբեջանը, նախագահի հանձնարարությամբ, ակտիվ դիվանագիտական ջանքեր սկսեց: Մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք իսրայելական կողմին. նման որոշման ընդունումը, առաջին հերթին, անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում: Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի ուղերձները: Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջընթացը կանխվել է»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, ներկա է Ադրբեջանը, որտեղ չկա Ադրբեջանը, Թուրքիան է ներկա։
«Մենք վճռականորեն պատասխանում ենք մեր երկրների շահերի դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլի, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է Հաջիևը։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը կասեցվել է։ Աղբյուրները հայտնել էին, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջ քաշված քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի