Հասարակություն
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է Factor TV-ի տեղեկությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնյաների ձերբակալության մասին։
«Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ»,- ասաց կառույցի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ մատնանշելով նախաքննության շահերը։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ձերբակալվել են Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանը, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանը, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը։ 4-րդ ձերբակալվածը, ամենայն հավանականությամբ, ենթադրյալ կաշառք տված քաղաքացին է։
Factor TV-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։
Արփի Հակոբյան