Աջափնյակի մետրոյով եմ եկել, ճոպանուղով էլ մեկ-մեկ գնում եմ Մարաշ. Մեսրոպ Մանուկյանը հեգնեց Տիգրան Ավինյանին

Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ  Երեւանի քաղաքապետարանի  բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը ներկայացրեց Երեւան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Երեւան քաղաքի որոշման նախագիծը: «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Տիգրան Պետրոսյանը նշեց, որ փաստաթուղթը մոտ 250 էջանոց է եւ ուղարկվել է ավագանիներին 3 օր առաջ: «Դուք ավագանիներից ինչ եք ակնկալում բովանդակային քննարկո՞ւմ, թե իմիտացիա…Եթե ավագանին պետք է որոշում կայացնի, պետք է հնարավորություն տրվի գոնե ժամանակային առումով ծանոթանալ», – տարակուսանք հայտնեց նա:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ դժգոհեց. «Դուք ուզում եք, որ սրանից հետո ավագանին լո՞ւրջ վերաբերվի Ձեզ… Տիկին Հայկազյան, էդ զարգացման ծրագիրը, որ գրել են, խայտառակություն էր կատարյալ, ու եթե այնտեղից քոփի փեստ է եղել, առնվազն մի քանի բան կարելի էր ճշտել… Չի կարող 2 օրվա մեջ 250 էջանոց ձեր զեկույցի մասին մարդ խոսել, Տիգրան Ավինյան, դուք սրանով արժեզրկում եք ավագանին, արժեզրկում եք Ձեզ, մի նեղացեք, որ ասում ենք… Հիմա նոր աղբի վերամշակման գործարան ինչո՞ւ չեք պլանավորել»:

Սիրարփի Հայկազյանն արձագանքեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտարարել են աղբի վերամշակման գործարանի հիմնման ներդրողի մրցույթ, եւ մարտի 27-ին հայտերի ներկայացման վերջնաժամկետն է, ու աղբավայրի խնդիրը լուծելու գործողություններ են իրականանում: Նա ասաց նաեւ, որ այդ ամենն արտացոլված է նախագծում:

«Նախ արտացոլված չի, դա մեկ, եւ եթե ՔՊ-ի գործակարգավարական նիստին հետեւեմ, ուրեմն Աջափնյակի մետրոյով եմ եկել, Շենգավիթի հանգույցով, էն ֆենոմենալ հանգույցը, որ կառուցել եք, դրանով անցել եմ, Արշակունյացն էլ Իսակովին է կպել, ճոպանուղով էլ մեկ-մեկ գնում եմ Մարաշ, հետ եմ իջնում… Սուտ չլինի, գործակարգավարական նիստի ժամանակ մի 40 անգամ Տիգրան Ավինյանն ու էստեղ նստած պաշտոնյաները Ծիծեռնակաբերդն ավարտին էին հասցնում, միայն իմ չոր երեսի արդյունքում վերջապես այդ ճանապարհը գործարկվեց…», – ասաց Մեսրոպ Մանուկյանը:

«Այո, պարոն Մանուկյան, միայն ձեր ջանքերի շնորհիվ Ծիծեռնակաբերդի ճանապարհը կառուցվեց», – իր հերթին հեգնեց Ավինյանը:

Նիստն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment