Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Փաշինյանը, ակնարկելով Դրմեյանին, ասել էր, թե Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ-ն աղբյուր է ունեցել կառավարությունում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։

Հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք են տվել վարչապետի հայտարարությանը։
Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայց ներկայացրեց դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեին։ Դրմեյանը սկբզնապես հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել, որ նման պահանջ կարող է ավելացվել։

Leave a comment