«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե Ազգային ժողովի որ մշտական հանձնաժողովների նախագահությունն է պետք առաջնահերթությամբ ստանձնել, որ ռազմավարական եւ առանցքային հանձնաժողովները չթողնել ընդդիմադիրներին։
Բանն այն է, որ Դոնթի բանաձեւով՝ եթե խորհրդարանում ձեւավորվում է առավելագույն քանակի՝ 12 հանձնաժողով, ինչպես նախորդում, ապա երեք հանձնաժողովի նախագահությունն անցնելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։ Իսկ հանձնաժողովները խմբակցությունների միջեւ բաշխվելու են հետեւյալ ընթացակարգով՝ առաջինը ՔՊ-ն է երկու հանձնաժողով ընտրելու, հետո «ուժեղները»՝ մեկ, հետո նորից երկու՝ ՔՊ-ն, մեկը՝ «ուժեղները», իսկ վերջինն անցնելու է «Հայաստան» դաշինքին, որը, ի դեպ, որոշում ունի հրաժարվել նախագահությունից, այդ դեպքում տվյալ հանձնաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ն։
Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ում բուռն քննարկումներ են՝ առաջին հերթին որ երկու հանձնաժողովը վերցնել՝ պետաիրավականն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողո՞վը, թե՞ վերջինի փոխարեն՝ պաշտպանության հանձնաժողովը։ Բանն այն է, որ երկուսն էլ առանցքային նշանակության հանձնաժողովներ են, ՔՊ-ն հատկապես չի ուզում արտաքինը զիջել ընդդիմությանը, քանի որ այս հանձնաժողովն է փաստացի իրականացնում խորհրդարանական դիվանագիտությունը, ընդունում օտարերկրյա գործընկերներին, մի բան, որ ընդդիմադիրներին օդուջրի պես է հարկավոր։ Որ եվրոպական գործընկերների հետ կապերը վերականգնեն, տեղեկատվություն փոխանցեն, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ փորձեն Փաշինյանի եվրոպական աջակցությունը փոքր-ինչ նվազեցնել։
Մյուս կողմից՝ պաշտպանության հանձնաժողովն էլ իշխանությունը չի ուզում կորցնել։ ՔՊ-ի հույսն այն է, որ «ուժեղները» տնտեսությունը կգերադասեն պաշտպանությունից եւ կվերցնեն ոչ թե պաշտպանության, այլ տնտեսական հարցերի հանձնաժողովը, եւ իրենք երկրորդ փուլում կվերցնեն պաշտպանականը։ «Ուժեղները» մեզ վստահեցրին, որ դեռ չեն կողմնորոշվել հանձնաժողովների հարցում՝ ըստ իրավիճակի որոշում կկայացնեն։ Վստահեցրին նաեւ, որ հանձնաժողովների նախագահացուներին էլ չեն որոշել՝ կորոշեն այն ժամանակ, երբ հայտնի դառնա, թե որ հանձնաժողովների նախագահությունն են ստանձնելու։ Փորձ չունեն, բայց ստել ու լրագրողների հարցերից խուսանավել, փաստորեն, արդեն լավ կարողանում են։