Բոլոր գործողությունները կիրականացվեն օրենքով սահմանված կարգով. Տիգրան Վիրաբյանը՝ «Ոսկու շուկայի» Վաղարշի հետ ծագած խնդրի մասին

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությանը գրավոր հարցում էր ուղարկել։ Հետաքրքրվել էինք, թե ինչու է Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն դատի տվել նախարարությանը՝ պահանջելով 200000 դոլարի փոխհատուցում։

Հետաքրքրվել էինք, թե ինչու է ծագել այս վեճը, և որն է նախարարության դիրքորոշումն այս հարցի հետ կապված, քանի որ, ինչպես հայտնի է, գործարարի ընկերությունը զգալի ներդրումներ է արել «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության համար և այժմ պահանջում է, որ նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի՝ օրենքով նախատեսված 25 %-ը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ստորագրությամբ ստացել ենք հետևյալ գրավոր պատասխանը.

«ԿԳՄՍ նախարարությունը ստացել է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի հայցադիմումը, որն այժմ ուսումնասիրվում է համապատասխան ստորաբաժանման կողմից։ Դատավարական հետագա բոլոր գործողությունները նախարարության կողմից կիրականացվեն օրենքով սահմանված կարգով։

Միաժամանակ հայտնում ենք, որ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատվել են ՀՀ կառավարության 412-Ն որոշմամբ, որն ընդունվել է 2025 թ. ապրիլի 10-ին, ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 10-ից և տարածվում է դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Համաձայն կարգի՝ ֆիլմարտադրողները ներդրումների մասնակի վերադարձի վերաբերյալ իրենց հայտերը ներկայացնում են կինեմատոգրաֆիայի ազգային մարմին՝ ի դեմս Հայաստանի կինոյի հիմնադրամի։ ԿԳՄՍ նախարարությանը «Գողություն հայկական ձևով» ֆիլմի առնչությամբ որևէ հայտ չի փոխանցվել»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment