«Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ։ Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս հայտարարության նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել։
Այսօր ԱԺ լիագումար նիստում ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին օրակարգ ընդգրկելու հարցին։ Կողմ քվեարկեց 21 պատգամավոր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, ասաց, որ ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները, անհերքելի է, որ այսօր կան քաղբանտարկյալներ, եւ դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ՝ փաստարկված իրողություն։
«Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը՝ մարդկանց պատժելու ու երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի։ Քաղաքական շարժառիթներով քաղաքական հետապնդման են ենթարկվում, կալանավորված են կամ տնային կալանքի տակ են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգեւր սպասավորներ եւ ծառայողներ։ Քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված են կամ տնային կալանքի տակ են հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ եւ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներ, քաղաքական եւ քաղաքացիական գործունեություն իրականացնող եւ իշխանություններին քննադատող անձինք, ՀՀ եւ Արցախի ԱԺ պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավագանիներ, փաստաբաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այս մարդիկ կալանավորված են ու հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի եւ դիրքորոշման համար։ Այս մարդիկ ձերբակալվել կամ կալանավորվել են, որովհետեւ կանգնած են պետական շահերի պաշտպանության դիրքում»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Հայտարարության հեղինակները փաստում են, որ տեղի ունեցողն անմիջականորեն ուղղորդվում ու համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հայտարարությամբ պահանջում են դատարանների անկախության ապահովում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում եւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Մենք տակավին վերջերս ենք վերադարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից։ Դուք անընդհատ հղումներ եք կատարում ԵԽԽՎ բանաձեում արտահայտված դիրքորոշմանը քաղբանտարկյալների վերաբերյալ։ Ես վերահաստատում եմ բանաձեւում արտահայտված դիրքորոշումը։ Ինձ մոտ հարց է առաջանում, որը մենք հնչեցրել ենք հանձնաժողովի նիստում՝ որպեսզի այդ բանաձևը կիրառելի լինի որեւիցե փաստի նկատմամբ, որևիցե միջազգային կառույց, ենթադրում եմ՝ ԵԽԽՎ-ն գոնե համարժեք պատասխան պետք է տար։ Որեւիցե պատասխան, դիտարկում կամ մեկնաբանություն, հարցադրում Հայաստանում առերեւույթ որեւէ անձի՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդման մասին չի արվել։ Ձեր կողմից ներկայացված նախագծում չկա որեւիցե կապ դատողությունների եւ դրանց ներքո դրված փաստերի կամ միջազգային կազմակերպությունների գնահատականների միջեւ»։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ արդեն որերորդ անգամ ընդդիմությունը ներկայացնում է ԱԺ հայտարարության նախագիծ, որի նպատակը ոչ թե այդ հայտարարության ընդունումն է, այլ գործընթացը, մասնավորապես, լսումների կազմակերպումը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: