«․․․Ութերորդը՝ Կովսական գավառը, որն այժմ Գրհամ են կոչում։ Իններորդը՝ Արևիք գավառը, որ այժմ կոչվում է Տաշտոն և Մեղրի․․․»։
Ստ․ Օրբելյան «Սյունիքի պատմություն»․ Երևան, 1986թ․, էջ՝ 70։
Մեր երկրի հարավային դարպասն է Մեղրին, որն ունի յուրահատուկ բնաշխարհ ու պատմություն։ Մի քանի անգամ արդեն եղել եմ մեր հայրենիքի չնաշխարհիկ այս երկրամասում, ու յուրաքանչյուր այցից հետո ցանկություն է առաջանում՝ նորից լինել այնտեղ, բարձրանալ քաղաքի երբեմնի պաշտպանական աշտարակներ ու հայացքդ ուղղել դեպի Արաքս։
Դեպի Մեղրի ճանապարհը Քաջարան քաղաքից ավելի դժվարանց, սակայն նաև շատ հետաքրքիր է անցնում։ Տասնյակ ոլորաններ բարձրանում ու բարձրանում ես։ Ներքևում Քաջարանն է՝ միջնամասում բաց հանքերը, իսկ վերևում ալպիական գոտին։ Աջ ու ահյակ Հայոց լեռներն եր։ Պատահական չէ՝ Գուսան Աշոտի՝ մեր ժողովրդի կողմից սիրված «Սյունյաց սարեր» երգը։
Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել,
Բայց միշտ ձեր կարոտը քաշել, Սյունյաց սարեր.
Ասես մեծ վարպետ Նաղաշի ձեռքն է հասել,
Ինձ մոր սրտով ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր։
Իհարկե, մինչ այստեղ հասնելն էլ Սյունյաց լեռների հովանու տակով ենք անցնում։ Կապանում հիանում ենք Խուստուփով։ Վերջապես հասնում ենք լեռնանցքի՝ ծովի մակերևույթից 2535 մ բարձրության գագաթ։ Դիմացի բարձր լեռան վրա դեռևս ձյուն կա, որի հալոցքից առաջացած գետակը հեռվից կանչում է։ Իսկ այստեղից էլ սկսվում է վայրէջքը՝ դարձյալ բազում կեռմաններով։
Քիչ ներքևից զգացվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը։ Ճանապարհաշինական բազում տեխնիկա է աշխատում Մեղրի գետի հովտում։ Մեր մեքենայի ուղևորներից մեղրեցի Անդրանիկ Հովհաննիսյանն ասում է՝ 3-4 տարուց հետո արդեն ճանապարհը դեպի Քաջարան շատ է կրճատվելու, մի հատվածն անցնելու է թունելով։
Կառուցվում են նաև կամուրջներ։ Անդրանիկն իմացավ՝ Մեղրիում սկզբում պետք է հանդիպեմ ծանոթիս՝ Արմեն Մարտիրոսյանին, ով ամենահայտնի մեղրեցիներից Մելիք-Օհանջանյանների տոհմից է։ 2025-ին Սարդարապատի թանգարանում ծանոթացանք՝ Կարապետ Մելիք-Օհանջանյանին նվիրված միջոցառման ժամանակ։ Մեղրեցիների շատերն իրար ճանաչում են, մտերիմ են, բարեկամ։ Պարզվեց՝ Արմենն ու Անդրանիկի հայրը եղել են ընկերներ։ Մեղրիում իր մեքենայով Արմենի տուն տարավ։ Քաղաքի Փոքր թաղում գտնվող իր տանը կից՝ Արմենը հյուրատուն է կառուցում, շինարարական աշխատանքներն ընթանում էին։ Այսօր Մեղրին ունի հյուրատների կարիք։
Նախորդ օրը նշել էին Արցախյան գոյամարտում նահատակված եղբոր՝ Վարդան Վիլիկի Մարտիրոսյանի ծննդյան օրը, կատարել հուշաղբյուրի բացում։ 1963թ․ են ծնվել Արմենի երկվորյակ քույր Կարինեն ու եղբայր Վարդանը։ Արցախյան գոյամարտի մասնակից Վարդանը զոհվել է 1992-ին։ Այցելեցինք Վարդանի շիրիմին։ Այս գերեզմանոցի մոտով է անցնելու նորակառույց ճանապարհը՝ դուրս գալով արդեն գրեթե պատրաստ թունելից։
Երևան-Մեղրի ճանապարհին զրույցի ընթացքում Անդրանիկը նշեց՝ զբաղվում է նաև հնագիտությամբ, պատմեց տարածքի պատմամշակութային հուշարձանների մասին։ Մեղրի գետի ափին տարածք ունի, որտեղ ուզում է զբոսաշրջային կենտրոն ստեղծել․ որոշ աշխատանքներ կատարել է, բայց անելիքներ կան։
Գետի ձախափնյա բարձր ժայռաբլուրը տեղացիները կոչում են Բերդունքար։ «Այսինքն՝ Բերդի քար, -ասաց Անդրանիկը, -ժայռաբլրի վերին հատված դժվար է մագլցել»։ Ինքը բարձրացել է․ հնադարյան մարդու հետքեր կան։ Մշակված քարեր, խեցեղենի բեկորներ և այլն։ Խեցեղեն մի քանի բեկոր իջեցրել է ցած։
Իր երկրի սիրահարն է Անդրանիկը․ գիտի ամեն տարածք, ցանկությունն է՝ առավել ուշադրություն դարձվի պատմահնագիտական հուշարձաններին։ «Ամեն մարդ ապրում է իր առասպելը, իմը հայրենիքին ծառայելն է ամեն օր և ամենուր», -ասում է իր երկրի սիրահարը։ Իսկ Մեղրու շրջանը, բացի բերք ու բարիքից, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով ևս։
Ժամանակ ունեի և որոշեցի բարձրանալ Մեղրու ամրոց։ Քաղաքի Մեծ թղի փողոցում մի տարեց մարդ, տեսնելով ձեռքիս լուսանկարչական խցիկը, առաջարկեց իր տան մոտից լուսանկարեմ Մեղրու աշտարակներից առաջինը։ Ասաց՝ շատ հին ժամանակներում է կառուցվել, մեր նախնիներն այս աշտարակներում պատսպարվել ու կոտորել են թշնամուն։
Միայն քաղաքում կա 3 եկեղեցի, որոնք թվագրվում են 17-րդ դարով։ Գմբեթավոր բազիլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մեղրու Մեծ թաղի հյուսիսային կողմում՝ քաղաքապետարանից ոչ հեռու։ Կառուցվել է 1673 թվականին․ վերանորոգված է։ Գլխավոր մուտքն արևմտյան կողմից է, հարավային կողմում նույնպես մուտք ունի։ Կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը՝ աղյուսով։ Ներսը հարուստ է որմնանկարներով, որոնք հիմնականում նկարված են 19-րդ դարում։
Եկեղեցու բակում կան գետաքարեր, որոնց վրա խաչեր են քանդակված։ Կան նաև 3 տապանաքար, կոպտատաշ գրանիտե քարերով։ Մեջտեղինի վրա խաչ է քանդակված։ Նաև նոր ժամանակներում, Հայոց զոհերին նվիրված, խաչքար են տեղադրել՝ Նարեկացու «Թաղեցեալ լինիմք, եւ ոչ խոնարհիմք» արձանագրությամբ։ Կառուցել են աղբյուր՝ «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․ 2000թ․» արձանագրությամբ։
Եկեղեցու արևմտյան պատի հարավային անկյունում տապանաքար կա ագուցված։ Հարավային պատի վրա խոյի գլուխ կա՝ դուրս ընկած։ Այս եկեղեցու հարևանությամբ Մեղրու պատմական Ղաբի աղբյուրն է, որն այժմ անջուր է։ 1950-ականներին այստեղից են տարածքի բնակիչները ջուր տարել, եղել է նաև բնակիչների հավաքատեղի։
Աղբյուրի հարևանությամբ մանկական խաղահրապարակ կա, իսկ հարևանությամբ՝ քաղաքի հին տներից է՝ կառուցված հում աղյուսից։ Այս տան մոտով է արահետը բարձրանում աշտարակներ։ Վթարային վիճակում է տունը, բայց պատմող հուշարձան է։
Լուսանկարում էի, և մոտեցավ մի տարեց կին՝ տիկին Թամարը։ «Նկարում ես, որ կառուցե՞ն, թե՞ քանդեն», -հարցրեց։ Նույն տան մոտով անցնում է իր տան ճանապարհը։ Ասաց՝ վտանգավոր է, հնարավոր է՝ փլվի։ Այդ պատճառով ցանկանում է ամրացնեն հուշարձանը, որ և պահպանվի, և վտանգ չառաջացնի։ Յուրաքանչյուր օր շատերն են անցնում նույն պատի տակով, բացի այդ երեխաների խաղահրապարակի մոտ է։
Մեղրու ամրոց կոչվածը միայն աշտարակներ ունի։ Մեր նախնիները բնակավայրը շրջապատող դժվար բարձրացող բլուրների վրա միայն աշտարակներ են կառուցել՝ ապավինելով բնական ամրությանը։
Մեղրու ամրոցի մասին Ստեփանոս Օրբելյանն (13-րդ դար) իր «Սյունիքի պատմություն» գրքում անդրադարձել է։ « Ապա մեկ տարի անց, հինգ հարյուր հիսուներեք (153+551=1104) թվականին գրավվեց Որոտանը (ամրոց), իսկ հինգ հարյուր հիսունչորս թվականին (554+551=1105)՝ Բղենը․․․ Բայց Բաղաբերդը, Գեղին, Կաքավաբերդը, Շլորուտը, Կարճևանը, ՄԵՂՐԻՆ, Գրհամը մնացին Աշոտի թոռների Գրիգոր թագավորի ու Սմբատի իրավունքին»։ Ստ․ Օրբելյան «Սյունիքի պատմություն»․ Երևան, 1986թ․, էջ՝ 279։
Այսինքն՝ դեռևս 1105 թվականից առաջ էլ գոյություն է ունեցել Մեղրու ամրոցը։
Այժմ պահպանված 6 աշտարակները գտնվում են երկար ձգվող 2 բլուրների վրա, ունեն շրջանաձև և ուղղանկյուն հիմքեր։ Աշտարակների տեղադրությունը պաշտպանում է Մեղրի քաղաքի մատույցները հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերից։ Առաջինը գտնվում է քաղաքի հարավային կողմի բարձունքի վրա, ունի 5,5 մ արտաքին տրամագծով շրջանաձև հիմք՝ մոտ 1 մ հաստությամբ պատերով։ Երկրորդ աշտարակն ունի ուղղանկյուն հիմք․ կառուցված է առաջինից մոտ 100 մ հյուսիս, համեմատաբար՝ ավելի դժվար հասանելի մասում։ Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատների բացվածքները ունեն ճառագայթաձև դասավորություն: Ուղղանկյուն հատակագծով երկրորդ աշտարակը գտնվում է մյուս բլրի վրա՝ քաղաքի հյուսիսային կողմում։ Դրանց երկարությունները գրեթե նույնն են՝ 10,20 մ և 10,60 մ, լայնությունները տարբեր՝ 2,70 մ և 3,90 մ: Պատերի հաստությունը 1 մ է: Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատները դասավորված են շախմատաձև՝ աշտարակների ամբողջ պարագծով: Թե´ կլոր, թե´ ուղղանկյուն աշտարակները երկհարկանի են և կառուցված են կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարից:
Սրանց մասին Ղևոնդ Ալիշանը գրել է․ «… յաշտարակս կամ ի մանր բերդորայս, գորս յիշէր վերոյդրեալ ուղեւորն (Տիւպուա) և որք տակաւին փոքր ի շատէ կանգուն կան ի կատարս բլրոց պատելոց զշինիւն, և քաջ ամուր վայր յարդարեն զաըանն, վասն որոյ և կոչի Մեղրոյ բերդ»
– Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893 թվական, էջ 303։
Քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Փոքր թաղում՝ համեմատաբար բարձր դիրքում։ Եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ կառուցված 17-րդ դարում։ Ներսի պատերը զարդարված են որմնանկարներով՝ աստվածաշնչյան ամենատարբեր թեմաներով` մարգարեներից կյանքից, մինչև Սուրբ Ծնունդ, Հարություն ու Մարիամ Աստվածածին: Խորանի դիմային հատվածում արված որմնանկարները պատկանում են ավելի ուշ շրջանի և թվագրվում են XX դարով: Հարավային կողմում ունի ընդարձակ բակ։ 2016-2019թ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 510.000 դոլար է նվիրաբերել հուշարձանի պահպանության ու վերակառուցման համար: Եռամյա ծրագրի արդյունքում վերականգնվել են XVII դարի որմնանկարները, փոխվել է եկեղեցու տանիքը, ջրահեռացման համակարգն ու բարեկարգվել է բակը:
Եկեղեցու հարևանությամբ Խաչաց տուն հյուրատունն է։ Խաչիկյանների տունը Մեղրիում ամենահին պահպանված տունն է, կառուցվել է 1820 թվականին։ Քաղաքի այս թաղը հարուստ է հին ու արդեն հուշարձանի կարգավիճակ ստացած տներով։
Մեղրի քաղաքի երրորդ եկեղեցին՝ Սուրբ Հովհաննեսը, գտնվում է հյուսիսային հատվածում։ Գմբեթավոր բազիլիկ եկեղեցին վերանորոգված է, ներսի կողմից ունի որմնանկարներ։ Կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գնդաձև գմբեթն աղյուսաշեն է՝ տեղադրված աղոթասրահի կենտրոնում։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով։ Միակ մուտքն արևմտյան կողմից է։ Ունեցել է նաև գավիթ, որը քանդված է։ Պատերի մեջ կան ագուցված խաչքարեր։
Քաղաքի կենտրոնում՝ հրապարակում է Մեղրու քաղաքապետարանը՝ դիմացը՝ Մեծ Հայրենականում զոհված մոտ 100 մեղրեցիների հուշարձանը։ Բավականին բարձր բազալտե սալաքարի արևմտյան կողմում զոհվածների անուններն են քանդակված, մյուս կողմում՝ զինվորն է։
Այս հուշաքարի դիմաց հսկա սոսենի կա, որի փչակում ժամանակին կարի արհեստանոց է գործել։ Հրապարակում է նաև Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի՝ Մեղրու մասնաճյուղի գեղաքանդակ պատերով շենքը։
Հասնել Մեղրի ու չգնալ Արաքսի հովիտը տեսնելու՝ ճիշտ չէ։ Արդեն մի քանի տարի է Ժորա պապը, Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ, գեղեցիկ այգի է հիմնել Արաքսի ձախ ափին, որտեղից չքնաղ տեսարան է բացվում։ Այս տարածքից քիչ հեռու էլ պահպանվել է «Մեղրի» երկաթգծի կայարանի շենքը՝ կիսավեր վիճակում՝ դիմացը հուշարձանների պատվանդաններ։
Զոհրաբ Ըռքոյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: