«Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատողը ՀԺ-ում, ըստ օդում կախված լուրերի՝ 3-4 անգամ նրա կողմից վատ աշխատանքի համար հեռացվել, հետ է վերադարձվել, հետո էլ ձեր շարքերում եղել է ՔՊ-ական պատգամավոր, հիմա ԿԸՀ-ում անում է այն, ինչ դուք եք ուզում։ Դրա ի՞նչն է էսկալյացիայի հրահրումը։ Դա ճշմարտությունն է։ Այո, չեմ կիսում Գագիկ Ծառուկյանի հայացքները, մեր և ձեր տարբերությունը դա է, որ մեզ համար նորմալ է, որ այլ մարդիկ այլ քաղաքական հայացքներ կարող են ունենալ, ձեզ համար անընդունելի է, և ձեր իշխանությունն ամեն ինչ անում է իր ընդդիմախոսներին ճնշելու համար»,- ԱԺ նիստի ժամանակ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ իրեն ուղղված դիտարկումներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Հայկ Կոնջորյանի կինը 10,000 դոլար աշխատավարձ է ստանում, Ագնեսա Խամոյանն ասաց․ «Հայփոստը 523 միլիոն դրամի վնաս է կրել պետբյուջեից, նոր վարկ են ներգրավել։ 2024-ին վնասը 1,3 միլիարդ դրամ է եղել։ Պարոն Կոնջորյանն ասում է՝ նորմալ է, որ 10 հազար դոլարի աշխատավարձ է ստանում Հայփոստի տնօրենը։ Այո, Հայփոստը 3500 աշխատակից ունի, 1200-ը փոստատարներ են, որոնք ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ։ Հայփոստը, որը վնասով է աշխատում, տնօրենը ամսական 10 հազար դոլար աշխատավարձ է ստանում, շարքային աշխատողները 45 անգամ պակաս աշխատավարձ են ստանում»։
Անդրադառնալով իշխանության՝ իր բնութագրմամբ ոճին՝ Ագնեսա Խամոյանն ասաց․ «Անունը դնում եք՝ վերցնում ենք օլիգարխներից, տալիս ժողովրդին, բայց ժողովրդին չեք տալիս, ձեզ համար դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն։ Դուք մասնավորից վերցնում, հանձնում եք՝ իբր պետական կառավարման, ԽԾԲ-ով կառավարիչ եք նշանակում նրան, ում ուզում եք։ ՀԷՑ-ում Ռոմանոս Պետրոսյանն է, Ծառուկյանից «Արարատցեմենտը» վերցրել, ՔՊ-ական Դավիթ Գևորգյանին գործի են դասավորել, Մուլտի Վելնեսը Ծառուկյանից վերցրել են, տվել են Վահագն Ալեքսանյանի մարզիչին»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: