Financial Times-ի գնահատմամբ՝ ԵՄ հինգ ամենաշատ տուժած երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Ռումինիայում, անտառային հրդեհներն ու ծայրահեղ շոգն առնվազն 3,1 միլիարդ եվրոյի վնաս են հասցրել։ Այս թիվը զգալիորեն գերազանցում է Եվրահանձնաժողովի տվյալները, որոնք գնահատում են, որ հրդեհներից և անոմալ շոգից տարեկան միջին վնասը ամբողջ ԵՄ-ի համար կազմում է 2,5 միլիարդ եվրո, գրում է DW-ն։
FT-ի հաշվարկները հիմնված են Եվրահանձնաժողովի կողմից օգտագործվող մեթոդաբանության վրա: Այս հաշվարկներն արտացոլում են այրված տարածքները նախկին վիճակին վերականգնելու ծախսերը, ինչը թույլ է տալիս գնահատել դրանց տնտեսական արժեքը:
Մեկ հեկտարի միջին ծախսերը, ներառյալ՝ նոր ծառերի տնկումը և պահպանումը, տարբերվում են երկրից երկիր՝ կախված բուսականության տեսակից և անտառի տարիքից:
FT-ն նշում է, որ անտառային հրդեհների սեզոնի առաջին երկու ամիսների ընթացքում միայն հինգ եվրոպական երկրներում այրվել է գրեթե կես միլիոն հեկտար հողատարածք։
Այնուամենայնիվ, վերջնական ընդհանուր վնասը շատ ավելի բարձր կլինի, քանի որ ապահովագրական ընկերությունները, տնային տնտեսությունները և բիզնեսները դեռևս հաշվարկում են գույքի և բերքի վնասներից, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում կորուստները ամառային գագաթնակետին։ Ավելին՝ FT հաշվարկները լիովին հաշվի չեն առնում Հունաստանում վերջերս տեղի ունեցած հրդեհների վնասը և չի ներառում ԵՄ այլ երկրների տվյալները։
Լրատվամիջոցը նաև մատնանշում է Եվրոպայում երաշտի և Հռենոսի ու Դանուբի ջրի մակարդակի անկման հետևանքով առաջացած տնտեսական կորուստները, որոնք խաթարում են բեռնափոխադրումները և հանգեցնում արտադրության կրճատման։
Մասնավորապես, գերմանական խոշոր քիմիական ընկերությունների՝ BASF-ի, Covestro-ի և Evonik-ի գործարանները, ի թիվս այլոց, գտնվում են Հռենոսի ափին, մինչդեռ Դանուբի ջրի ռեկորդային ցածր մակարդակը սպառնում է փակել Հունգարիայի միակ ատոմակայանը՝ Պակշի ատոմակայանը, որը ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի կարիքների գրեթե կեսը։ Financial Times-ը հաղորդում է, որ Ռումինիան նույնպես ստիպված է եղել դադարեցնել Չերնավոդայի ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը։ Երկու էլեկտրակայաններն էլ գետի ջուրն են օգտագործում սառեցման համար։
Հրդեհներից տուժածների թվում է Ֆրանսիայի Ժիրոնդի դեպարտամենտը, որը պաշտպանական և ավիատիեզերական արդյունաբերության խոշոր կենտրոն է: Լրատվամիջոցը հաղորդում է, որ ինքնաթիռների շարժիչների արտադրող Safran-ը, ինքնաթիռների արտադրող Dassault Aviation-ը և հրթիռների արտադրող ArianeGroup-ը ստիպված են եղել դադարեցնել արտադրությունը և տարհանել աշխատակիցներին հրդեհների պատճառով: Ժիրոնդի առևտրաարդյունաբերական պալատի տվյալներով՝ հրդեհներից անմիջականորեն տուժել են առնվազն 40,000 ընկերություն, որոնցից 19,500-ը դադարեցրել են գործունեությունը։
Մայիսից ի վեր եվրոպական երկրները մի քանի ծայրահեղ շոգ են ապրել, և մի շարք երկրներում մոլեգնում են լայնածավալ անտառային հրդեհներ: Ֆրանսիայում և Իսպանիայում հարյուր հազարավոր բնակիչներ տարհանվել են վերահսկողությունից դուրս եկած հրդեհների պատճառով: Գերմանիայում գետերի մակարդակը, այդ թվում՝ Հռենոսի, հասնում է ռեկորդային ցածր մակարդակի:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի