Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հեռուստաեթերում հայտարարել է, որ մտադիր է ՑԱԽԱԼ-ի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-մայոր Ավի Բլուտին փոխարինել գեներալ-մայոր Դադո Բար Կալիֆայով՝ Բլուտին մեղադրելով արմատական հրեա վերաբնակիչների նկատմամբ չափազանց խիստ վերաբերմունքի համար։
Սակայն կարճ ժամանակ անց Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ այդ որոշումը համաձայնեցված չէ Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ, իսկ Ավի Բլուտը շարունակում է կատարել իր պարտականությունները։
Բանակը նաև ընդգծել է, որ պաշտպանության նախարարը չի կարող միանձնյա ազատել բարձրաստիճան սպաներին զբաղեցրած պաշտոններից։
Ավելի ուշ Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը չի կոչ արել պաշտոնանկ անել Ավի Բլուտին՝ նման տեղեկությունները որակելով «բացարձակ սուտ» և «կառավարության դեմ քաղաքական արշավի» մաս։