«Չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը կա, որ կարողանա ինձ ծեծել, հլը էդպես մարդ չի եղել»․ Սարիկ Մինասյանը խոստանում է չհայհոյել, այլ անիծել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը համաձայն չէ լրագրողի դիտարկմանը, որ ինքը հարազատ կուսակցության կողմից է գործուղվել խորհրդարան։ Նաև չի կիսում հարցադրումը՝ այդ որոշումն արդյոք պայմանավորված է նրանով, որ եթե առաջիկայում Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ լինեն, ինքն այլևս չէր կարողանալու ՔՊ-ի համար բավարար ձայներ ապահովել։

Հիշեցնենք՝ նախորդ ընտրություններում, երբ Սարիկ Մինասյանը Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էր, խոսվում էր այն մասին, որ ՔՊ-ն Գյումրիում վարկանիշ չունի, և Սարիկ Մինասյանի ընտրությունը պայմանավորված է հենց վերջինիս վարկանիշը ՔՊ-ին ծառայեցնելու նպատակով։

«Ես ԱԺ պատգամավոր ընտրվել եմ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ ՔՊ-ի համամասնական ցուցակով։ Հայտարարվել է, որ Գյումրիում արտահերթ ընտրությունների կարիք կա․ միանշանակ՝ կա։ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, մենք միանշանակ այդ մտքի կողմնակից ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունները ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգ ունեն, ըստ այդմ էլ դրանք կլինեն։

Արտահերթ ընտրությունները Գյումրիում նա համարում է գյումրեցիների պահանջ, բայց քանի որ չկա արտահերթ ընտրությունների նշանակված օր, անիմաստ է համարում հավանական թեկնածուների մասին խոսել, այդ թվում՝ նաև իր կողմից կրկին առաջադրվելու մասին։ Իր հնարավոր առաջադրման մասով ասաց՝ թիմի կարծիքը կարևոր է լինելու և վճռական, բայց վերջնական որոշումն ինքն է կայացնելու։

Սարիկ Մինասյանը հայտարարում է՝ Վարդան Ղուկասյանի կառավարման 1,5 տարում որևէ հարց չի լուծվել, քաղաքում առաջընթաց չի գրանցվել, ավելին՝ հետընթաց կա։

Լրագրողի տարակուսանքին՝ ինչո՞ւ է թողել Գյումրին ճգնաժամում և եկել խորհրդարան, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց, որ ԱԺ ամբիոնից էլ է խոսելու Գյումրիի մասին․ «Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ անի կամ չանի։ ԱԺ պատգամավորի մանդատ ունենալն ինձ տալիս է ավելի մեծ հնարավորություններ՝ զբաղվել Գյումրիի, այդ թվում՝ նաև Շիրակի մարզի խնդիրներով։ Ես գյումրեցի եմ, իմ ընտանիքը բնակվում է Գյումրիում, ես բնակվում եմ Գյումրիում, Գյումրիից չեմ հեռացել, չեմ հեռանա երբեք։ Անհոգ եղեք, ես գյումրեցիների կողքին եմ միշտ»։

Պնդում է, որ հիասթափված չէ Գյումրիում ՔՊ-ի բացարձակ հաղթանակ չտանելուց։ Հիշեցնում է՝ ՔՊ խմբակցությունն ամենամեծ թվով ձայներն ունի, և իրենց դեմ միավորվել են չորս և ավելի ուժեր։

Խորհրդարանում Սարիկ Մինասյանը կաշխատի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։

Հարցին՝ եթե ԱԺ-ում լարված իրավիճակներ լինեն, կհայհոյի՞՝ իր նախկին «փորձը» նկատի ունենալով, Սարիկ Մինասյանը պատասխանեց․ «Չէ, կանիծեմ։ ԱԺ նախագահի մեր թեկնածուն առաջարկ հնչեցրեց․ ընդդիմությունը կընդունի՝ շատ լավ, չի ընդունի՝ կգործենք հայելային կարգով՝ լավին՝ լավ, վատին՝ վատ։ Չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը կա, որ կարողանա ինձ ծեծել, հլը էդպես մարդ չի եղել»։

Այս առիթով լրագրողների տարաբնույթ հարցերին էլ, ի պատասխան, ասաց․ «Կարող է այդտեղ չհայհոյեմ՝ հանեմ, դուրսը հայհոյեմ, չեմ կարող ասել, թե ինչ իրավիճակ կլինի»։ Նա պնդեց՝ իշխանական պատգամավորները կարմիր գծերը չեն անցնելու։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment